Լեռնային գործընկերության 7-րդ գլոբալ հանդիպման շրջանակներում Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ Զբոսաշրջության կառույցի (UNWTO) գլխավոր քարտուղար Շեյխա Նասեր Ալ Նուեյսի հետ։
Հանդիպման ընթացքում երկու կողմերը բարձր են գնահատել Հայաստանի և ՄԱԿ Զբոսաշրջության կառույցի միջև ձևավորված համագործակցությունը՝ վերահաստատելով փոխադարձ պատրաստակամությունը դրան ընդլայնելու համար։
Ռոբերտ Աբիսողոմոնյանը կարևորել է Կազմակերպության հետ համագործակցության շրջանակում իրականացվող կարողությունների զարգացմանն ուղղված ծրագրերի և նախաձեռնությունների շարունակականությունը։ Նա ներկայացրել է Հայաստանում զբոսաշրջության ոլորտի զարգացմանն ուղղված կառավարության կողմից իրականացվող քաղաքականությունը՝ ընդգծելով մշակութային և ագրոտուրիզմի զարգացման կարևորությունը, ինչպես նաև նորարարական լուծումների ներդրման անհրաժեշտությունը։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել այս տարի Հայաստանում կայանալիք ՄԱԿ կենսաբազմազանության մասին կոնվենցիայի 17-րդ համաժողովի շրջանակներում հնարավոր համագործակցության հեռանկարների վերաբերյալ։