ՀՀ իշխանությունների կողմից Արցախի ներկայացուցչության շենքի և պետական ինստիտուտների գործունեության սահմանափակման գործընթացի զուգահեռ, արցախյան քաղաքական և հասարակական շրջանակներում ակտիվ քննարկումներ են ընթանում՝ ուղղված Արցախի պետական ինստիտուտների, այդ թվում՝ նախագահի ինստիտուտի լիարժեք գործունեության վերականգնմանը։
Ամիսներ առաջ արցախյան մի շարք հասարակական կազմակերպություններ համատեղ դիմում էին ուղարկել Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Դանիելյանին և խորհրդարանական խմբակցություններին՝ բարձրացնելով մի շարք սկզբունքային հարցեր։ Դրանք վերաբերում էին Արցախի պետական ինստիտուտների ամբողջական և լիարժեք գործունեությանը, ինչպես նաև պարբերաբար շրջանառվող ֆինանսական չարաշահումների վերաբերյալ պարզաբանումներին։
Այս հարցերի շուրջ քննարկումները, ըստ մեր տեղեկությունների, տևական ժամանակ են ընթանում։ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունների և Արցախի ներկայացուցչության շուրջ ստեղծված իրավիճակի ֆոնին հատկապես ակտիվացել է Արցախի նախագահի ինստիտուտի լիարժեք գործունեության վերականգնման հարցը։
Քաղաքական շրջանակներում քննարկվում են հնարավոր տարբերակներ և անուններ։ Շրջանառվում է պետնախարար Նժդեհ Իսկանդարյանի անունը, ինչպես նաև Արցախի խորհրդարանի մի քանի պատգամավորների անուններ։
Այսպիսով, մինչ ՀՀ իշխանությունները քայլեր են ձեռնարկում ինստիտուցիոնալ ներկայության սահմանափակման ուղղությամբ, արցախցիները քննարկում են հակառակ օրակարգը՝ ինչպես վերականգնել և գործնական ռեժիմով ապահովել Արցախի պետական ինստիտուտների աշխատանքը։