Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի, ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի և ԵՄ անդամ երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հրավերով մասնակցել է ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհրդի ձևաչափի շրջանակում անցկացվող հանդիպմանը։
Աշխատանքային նախաճաշի ձևաչափով կազմակերպված քննարկման ընթացքում մասնակիցները գոհունակությամբ նշել են Հայաստան-ԵՄ գործընկերության զարգացման հարցում արձանագրված նշանակալի արդյունքները և փոխանակվել են մտքեր՝ վերաբերող առաջիկա անելիքներին։
Նախարար Միրզոյանը բարձր է գնահատել Հայաստան-ԵՄ ռազմավարական գործընկերության օրակարգի և տարբեր համատեղ նախաձեռնությունների կյանքի կոչման հարցում ձևավորված կոնսենսուսը։
Քննարկման ընթացքում ԵՄ անդամ երկրների գործընկերները աջակցություն են հայտնել Հայաստանի ժողովրդավարական զարգացման, դիմակայունության ամրապնդման և հիբրիդային սպառնալիքներին հակազդելու հարցերում։ Տարածաշրջանային զարգացումների համատեքստում նրանք աջակցություն են հայտնել հաղորդակցությունների ապաշրջափակման գործընթացին, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հետագա կոնսոլիդացիային ուղղված ջանքերին։