Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը խորին ցավակցություն է հայտնել Ավստրալիայի Սիդնեյ քաղաքի Բոնդի լողափում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման հետևանքով զոհվածների ընտանիքներին և մտերմակցություն է հայտնել վիրավորներին։
ՀՀ ԱԳ նախարարությունը համապատասխան ցավակցական հաղորդագրությունը տարածել է իր X-ի (Twitter) միկրոբլոգում։
«Ցնցված ենք Սիդնեյի Բոնդի լողափում տեղի ունեցած կրակոցներից, որոնք բազմաթիվ անմեղ կյանքերի կորստի պատճառ են դարձել։ Հայաստանը խստորեն դատապարտում է ահաբեկչությունն՝ իր բոլոր ձևերով և դրսևորումներով։ Մեր խորին ցավակցություններն ենք հայտնում զոհերի ընտանիքներին և աղոթում վիրավորների արագ ապաքինման համար»,- ասված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ Ավստրալիայում Խանուկայի տոնակատարության ժամանակ, դեկտեմբերի 14-ին, Սիդնեյի Բոնդի լողափում տեղի ունեցած հարձակման հետևանքով զոհվել է առնվազն 16 մարդ։ Ոստիկանությունը հայտնել է, որ հարձակվողներից մեկը սպանվել է, մյուսը՝ ձերբակալվել։ Հարձակման ժամանակ հարձակվողները կրակել են առնվազն 50 անգամ։