Այսօր ես հանդիպում ունեցի Եվրոպական Միության Շրջակա միջավայրի, ջրային ռեսուրսների, կայունության և մրցունակ վերամշակման տնտեսության հարցերով հանձնակատար Ջեսիկա Ռոսվալի հետ։
Հանդիպման ընթացքում մենք անդրադարձանք սեպտեմբերին Նյու Յորքում տեղի ունեցած քննարկումների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին։ Մեր ուշադրությունը հատկապես կենտրոնացրեցինք այն ուղղություններին, որոնք պահանջում են լրացուցիչ ջանքեր։
Մենք կարևորեցինք մեր գործակցության շարունակականությունը՝ հատկապես շրջակա միջավայրի պահպանության, ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման և կայունության օրակարգի շրջանակում համատեղ նախաձեռնությունների առաջմղման տեսանկյունից։
Առանձին ուշադրություն դարձվեց COP17-ի կազմակերպչական գործընթացին։ Մենք քննարկեցինք սպասվող աշխատանքների հիմնական փուլերը, նախապատրաստական առաջնահերթությունները և այն մեխանիզմները, որոնք կապահովեն գործընթացի արդյունավետ, թափանցիկ և համակարգված ընթացքը։
Ես ներկայացրեցի մեր տեսլականը՝ COP17-ի նախապատրաստական աշխատանքներն իրականացնել գործընկերների լայն ներգրավվածությամբ, աշխատանքային հստակ օրակարգով և ժամանակացույցի խիստ պահպանմամբ։
Մենք հաստատեցինք մեր պատրաստակամությունը շարունակելու ակտիվ երկխոսությունն ու փոխգործակցությունը՝ ձեռք բերված պայմանավորվածությունները վերածելու կոնկրետ գործողությունների և ամրապնդելով մեր համատեղ ջանքերը՝ շրջակա միջավայրի պաշտպանության, կայուն զարգացման և ռեսուրսների պատասխանատու կառավարման ուղղությամբ։