Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) հանդիպում է ունեցել Եվրոպական հանձնաժողովի Տեխնիկական աջակցության և տեղեկատվության փոխանակման «Թայեքս» գործիքի հայաստանյան պորտֆոլիոն համակարգող Լուկա Սավիոլոյի գլխավորած պատվիրակության հետ։
Հանդիպման ընթացքում ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը ողջունել է հյուրերին և նախաձեռնել երկարաժամկետ համագործակցության հնարավորությունների քննարկում։
«Թայեքս»-ը Եվրոպական հանձնաժողովի կողմից մշակված գործիք է, որն ապահովում է անհատական կարճաժամկետ փորձագիտական խորհրդատվություն։ Այն առաջարկում է չորս տեսակի աջակցություն՝ աշխատաժողովներ, փորձագիտական առաքելություններ, գնահատողական առաքելություններ և ճանաչողական այցեր։
Հանդիպման հիմնական թեման 2026 թվականին Հայաստանում նախատեսված խորհրդարանական ընտրություններն էին։ «Թայեքս»-ի ներկայացուցիչները հետաքրքրվել են ԿԸՀ-ի կարիքներով՝ ընտրական գործընթացի կազմակերպման և անցկացման հետ կապված հնարավոր աջակցության ոլորտներում։