Այսօր ԿԳՄՍ նախարարության նստավայրում տեղի է ունեցել միջգերատեսչական հանձնաժողովի առաջին նիստը, որի նպատակն է համակարգել 2026 թվականին Հայաստանում կազմակերպվելիք խոշոր միջազգային մարզական մրցաշարերի անցկացման կազմակերպչական աշխատանքները։ Նիստը բացել և գլխավորել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։
Նիստին ներկայացել են ԿԳՄՍ նախարարության աշխատակազմի բարձրաստիճան պաշտոնատար անձինք, ինչպես նաև Ներքին գործերի, Առողջապահության նախարարությունների, Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի, Երևանի քաղաքապետարանի, Հայաստանի սամբոյի, հրաձգության և սպորտային պարերի ֆեդերացիաների, հեռարձակող ընկերությունների և այլ պետական կառույցների ներկայացուցիչներ։
Նախարար Անդրեասյանը նշել է, որ վերջին տարիներին Հայաստանի կառավարությունը հետևողականորեն իրականացնում է խոշոր միջազգային մարզական միջոցառումներ հյուրընկալելու քաղաքականություն, ինչի արդյունքում երկիրը ձեռք է բերել կազմակերպչական բարձր մակարդակ և անգնահատելի փորձառություն։ Նրա խոսքով՝ 2026 թվականին Հայաստանում նախատեսվում է կազմակերպել մի քանի խոշոր միջազգային մարզական մրցաշարեր, որոնցից մեկը մի քանի մարզաձևերի ուղղությամբ կլինի։ Բանակցություններ են ընթանում նաև այլ մարզաձևերի միջազգային մրցաշարեր հյուրընկալելու հնարավորության շուրջ։
Նիստի ընթացքում մանրամասն քննարկվել են միջոցառումների կազմակերպչական բոլոր հիմնական հարցերը։ Այս հարցերին առնչվում են մրցաշարերի համար հարմար վայրերի ընտրությունը, անհրաժեշտ մարզագույքի ձեռքբերման և տեղադրման գործընթացը, ինչպես նաև մրցութային համակարգի կազմակերպումը և ժամկետների սահմանումը։ Քննարկվել են նաև երկրպագուների համար ֆան-գոտիների ստեղծման, մարզաձևերի հանրահռչակման և մասսայականացման, մրցաշարերի հեռարձակման, ինչպես նաև տոմսերի վաճառքի կազմակերպման հետ կապված հարցերը։