«Քաղաքացիական պայմանագրի» կուսակցության նախընտրական ցուցակում չընդգրկված պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ որոշել է չառաջադրվել Ազգային ժողովի պատգամավորի պաշտոնում։ Նրա խոսքով՝ նա վաղուց է որոշել այդ քայլը և չի ցանկանում ավելորդ ուշադրության կենտրոնում լինել։
Պատգամավորը նշել է, որ իր որոշումը Նիկոլ Փաշինյանի հետ չի քննարկել, քանի որ դրա կարիքը չի զգացել։ Նա նաև հավելել է․ «Երբ, ինչ պետք լինի՝ ես կանգնած եմ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողքին, որովհետև ճիշտ ճանապարհի վրա է Հայաստանը»։
Սուքիասյանը նաև նշել է, որ ցանկանում է իր ժամանակն ուղղել ստեղծագործական աշխատանքի, հնարավոր է՝ դասախոսության։ Նրա խոսքով՝ այժմ իր համար ամեն ինչ շատ ավելի հասկանալի է, քան 2021 թվականին։
«Ես այն ժամանակ ասել եմ, որ ձեր կողքը կանգնած եմ, ինչով պետք է՝ կաջակցեմ, հիմա էլ նույն կարծիքին եմ, եթե դրա կարիքը զգացի։ Ուզում եմ, որ Հայաստանի Հանրապետությունը խաղաղ լինի, զարգանա, սա է, բայց չեմ ուզում՝ գամ, իմ ժամանակն այստեղ ծախսեմ», – ասել է նա՝ նաև բարձր գնահատելով Նիկոլ Փաշինյանի գործողությունը, նրա տանջանքը և պատասխանատվության աստիճանը։