ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ հանձնակատար Սթիվեն Ուիտկոֆը և նախագահի փեսան՝ Ջարեդ Քուշները, վերջին պահին չեղարկել են իրենց նախատեսված հանդիպումը Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ։ Այս մասին հայտնում է Euronews-ի լրագրող Ալեքս Ռաուֆօղլուն՝ նշելով, որ Զելենսկին արդեն վերադառնում է Կիև։
Հանդիպումը, որը պետք է կայանար դեկտեմբերի 3-ին՝ Մոսկվայում Ռուսաստանի նախագահի հետ բանակցություններից հետո, չի կայանալու։ Ըստ տեղեկությունների՝ ԱՄՆ ներկայացուցիչները, Կրեմլում կայացած բանակցություններից հետո, որոշել են չշարունակել իրենց ուղևորությունը Եվրոպայում։
Այս զարգացումը հաստատել է նաև Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ Նրա խոսքով՝ Սթիվեն Ուիտկոֆն ու Ջարեդ Քուշները Պուտինի հետ բանակցություններից հետո Ուկրաինա չեն մեկնելու, այլ անմիջապես վերադառնալու են Վաշինգտոն։ «Նրանք մեզ խոստացել էին ոչ թե Կիև գնալ, այլ վերադառնալ տուն՝ իրենց Վաշինգտոն», — ընդգծել է Յուրի Ուշակովը։