«Ուկրաինայի Հայոց թեմի քահանայից դասս՝ ի մասնավորի.
1. Դնիպրո քաղաքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Համազասպ ավգ. քահանա Բաբուճյանս
2. Չերկասի քաղաքի Սրբոց Թարգմանչաց մատուռի հոգևոր հովիվ Տեր Հովհաննես քահանա Շահնազարյանս
3. Օդեսա քաղաքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Աբգար քահանա Գըլըճյանս
4. Չերնովցի քաղաքի Սուրբ Պողոս Պետրոս եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Ներսես քահանա Շահնազարյանս
5. Խարկով քաղաքի Սուրբ Հարություն եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վարդան քահանա Ադամյանս
6. Նիկոլաև քաղաքի Սուրբ Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վարագ քահանա Յապարյանս
7. Լվով քաղաքի Սուրբ Աստվածածնի Վերափոխման առաջնորդանիստ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Կարապետ քահանա Ղարիբյանս
8. Զապորոժյե քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Հուսիկ քահանա Նուրիջանյանս
9. Կիև քաղաքի Սրբոց Նահատակաց մատուռի հոգևոր հովիվ Տեր Արտաշես քահանա Հակոբյանս»։
Հոգևորականները խորագույն անհանգստություն են հայտնում Հայաստանում և հատկապես հայրենի եկեղեցու ներսում ընթացող իրադարձությունների կապակցությամբ։ Նրանք դատապարտում են իրենց եկեղեցական գործընկերների հակականոնական և պառակտիչ գործողությունները, որոնք, նրանց կարծիքով, համահունչ են իշխանությունների հակաեկեղեցական տրամադրություններին։
Հայտարարության մեջ նշվում է, որ հոգևորականները խոստանում են հավատարիմ մնալ Սուրբ Էջմիածնին և հնազանդվել Ամենայն Հայոց կաթողիկոսին՝ որպես Սուրբ Գրիգոր Լուսավորչի գահի ուղիղ հաջորդ։ Այս հնազանդությունը, նրանց խոսքով, արտահայտվում է նաև եկեղեցական արարողությունների ժամանակ՝ հիշատակելով Հայրապետին, թեմակալ առաջնորդին և Հայաստանը։
Հոգևորականները կոչ են անում իրենց հոգևոր եղբայրներին և Սուրբ եկեղեցու հավատացյալներին անշահախնդիր կերպով հավատարիմ մնալ Մայր Եկեղեցուն։
Ուկրաինայում հոգևոր սպասավորություն իրականացնող քահանաները նաև հայտնում են իրենց խոնարհումն ու հավատարմությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, եկեղեցական կանոնակարգին և Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդին։