Իրավապահ համակարգում լարվածություն է առաջացել ԱԺ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի եղբոր՝ Ավետ Կոնջորյանի գործի շուրջ։ Խնդիրը միայն այն չէ, որ վարորդական իրավունքից զրկված Ավետ Կոնջորյանը կրկին մեքենա է վարել և կանգնել դատարանի առաջ, այլ նաև այն, որ նրա քրեական գործում հայտնվել է «դատվածություն չունենալու» մասին տեղեկանք, ինչն էլ թույլ է տվել գործը հանգուցալուծել ավելի մեղմ տարբերակով՝ համաձայնությամբ տուգանքով։
Ինչպես նախկինում հայտնել էինք, Ավետ Կոնջորյանը, 2025 թվականի հուլիսի 7-ից մինչև 2026 թվականի հուլիսի 7-ը վարորդական իրավունքից զրկված լինելով, նույն տարվա հոկտեմբերի 15-ին Աբովյանում կրկին մեքենա է վարել և կանգնեցվել պարեկների կողմից։ Դատարանը նրան մեղավոր է ճանաչել և նշանակել 375 հազար դրամ տուգանք՝ մեկ տարվա ընթացքում վճարելու իրավունքով։
Սակայն նոր հանգամանքներ են հայտնվել։ Պարզվել է, որ Ավետ Կոնջորյանը դեռ 2010 թվականին դատապարտված է եղել, սակայն նոր գործի նյութերում հայտնվել է տեղեկանք, ըստ որի՝ նա դատվածություն չունի։ Հենց այս հակասական տեղեկանքն էլ հնարավորություն է տվել կիրառել «համաձայնությամբ տուգանք» կարգավորումը, որը նախատեսված է առաջին անգամ հանցանք կատարած անձանց համար։
Այս իրավիճակը ստեղծել է լուրջ հարցեր պետական մարմինների աշխատանքի կազմակերպման և տեղեկատվության հաղորդման շուրջ։ ՀՀ ոստիկանությունը պնդում է, թե նման տեղեկանք Քննչական կոմիտեին չի տվել, մինչդեռ ՀՀ քննչական կոմիտեն հայտարարում է, որ այն ստացել է հենց ՆԳՆ համակարգից։
Այսպիսով, հիմնական հարցը մնում է անպատասխան՝ ո՞վ է Ավետ Կոնջորյանի գործի նյութերում ներառել այդ տեղեկանքը, և արդյոք այն չի ծառայել իշխանական պատգամավորի եղբորը ավելի խիստ պատասխանատվությունից ազատելու համար՝ օգտվելով ՔՊ խմբակցության ղեկավարի դիրքից։
Այս գործը հիշեցնում է նաև մեկ այլ սկանդալ, որը վերաբերում է Հայկ Կոնջորյանին։ Պարզվել էր, որ Առինջի առանձնատան 1 քմ-ի համար նա 300 հազար դրամ էր վճարել, մինչդեռ շուկայական գինը շատ ավելի ցածր էր։ Նույն թաղամասում տներ են գնել նաև Կոնջորյանի մայրը և քույրը։