Փետրվարի 4-ին Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունը հանդիսավոր ընդունելություն կազմակերպեց՝ նվիրված Հայաստանի Հանրապետության զինված ուժերի 34-րդ տարեդարձին։ Միջոցառմանը ներկա էին Ֆրանսիայի արտաքին գործերի և զինված ուժերի նախարարությունների բարձրաստիճան պաշտոնյաներ, Ազգային ժողովի պատգամավորներ, Սենատի անդամներ, Ֆրանսիայում հավատարմագրված դեսպաններ, ռազմական կցորդներ, ֆրանսահայ հոգևոր դասի ներկայացուցիչներ, ինչպես նաև հասարակական գործիչներ, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ և ֆրանսահայ համայնքի անդամներ։
Ընդունելության մեկնարկը տեղի ունեցավ «Դպրոցասեր» հայկական վարժարանի սաների կողմից, որոնք, ղեկավարվելով իրենց տնօրեն Հայկ Սարգսյանի կողմից, կատարեցին Հայաստանի և Ֆրանսիայի ազգային օրհներգերը։ Այնուհետև հանդիսավոր ելույթներով հանդես եկան Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Արման Խաչատրյանը և Ֆրանսիայում Հայաստանի ռազմական կցորդ, գնդապետ Արթուր Ազնավուրյանը։ Վարժարանի սաները նաև կատարեցին Հայաստանի զինված ուժերի օրհներգը։
Շնորհավորելով ՀՀ զինված ուժերի տարեդարձը՝ դեսպան Արման Խաչատրյանը բարձր գնահատեց բանակի վճռորոշ դերը Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և անվտանգության ապահովման գործում։ Նա հարգանքի տուրք մատուցեց հայրենիքի պաշտպանության համար իրենց կյանքը զոհաբերած հերոսների հիշատակին՝ նշելով, որ հայկական բանակը, ձևավորվելով ծանր և գոյաբանական մարտահրավերների պայմաններում, այսօր էլ հանդիսանում է հայկական պետականության հիմնասյուներից մեկը։
Դեսպանը նաև անդրադարձավ հայ-ֆրանսիական պատմականորեն ձևավորված բարեկամական հարաբերությունների ռազմավարական բնույթին՝ ընդգծելով պաշտպանության ոլորտում երկու երկրների միջև առկա համագործակցությանը։ Նա խորին երախտագիտություն հայտնեց Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին՝ Ֆրանսիայի կողմից Հայաստանին ցուցաբերվող մշտական աջակցության համար, և Ֆրանսիայի զինված ուժերի նախարարությանը՝ պաշտպանության ոլորտում հայ-ֆրանսիական համագործակցության ամրապնդման գործում իր վճռական հանձնառության համար։ Խոսքի ընթացքում դեսպանը վերահաստատեց Հայաստանի հանձնառությունը Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատմանը և անդրադարձավ Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածություններին ու դրանց իրականացման ընթացքին՝ ընդգծելով խաղաղության ինստիտուցիոնալացման կարևորությունը։
Իր հերթին Ֆրանսիայում Հայաստանի ռազմական կցորդ, գնդապետ Արթուր Ազնավուրյանը ներկայացրեց ՀՀ զինված ուժերի բարեփոխումների և բանակի կերպափոխման ծրագրերը, որոնք ուղղված են ժամանակակից, ավելի ուժեղ և արդյունավետ զինված ուժեր կառուցելուն։ Նա նշեց, որ ռազմական և պաշտպանական արդյունաբերության ոլորտներում Հայաստանի և Ֆրանսիայի միջև համագործակցությունը երկու երկրների համապարփակ ռազմավարական գործընկերության կարևոր բաղադրիչներից մեկն է։