Իմ տեղեկությունների համաձայն, համապետական ընտրություններին ընդառաջ ընդդիմադիր դաշտում առայժմ ակտիվ են Ռոբերտ Քոչարյանի կողմից գլխավորած «Հայաստան» դաշինքը և բարերար ու գործարար Սամվել Կարապետյանի կողմից նոր ձեւավորված «Մեր ձեւով» շարժումը։
Մի շարք արտախորհրդարանական ընդդիմադիր ուժեր պարբերաբար հանդիպումներ են ունենում՝ քննարկելու ընտրություններին ընդառաջ իրենց անելիքները։ Այդ ուժերի շարքում են «Հայ ազգային կոնգրես»-ը (ՀԱԿ), «Սասնա ծռեր»-ը, «Ապրելու երկիր»-ը, «Նժար» սահմանադրական շարժումը, «Հաղթանակ» կուսակցության նախագահ, քաղաքային պլանավորող Վիկտոր Մնացականյանը և այլք։
«Սասնա ծռեր» համահայկական կուսակցության անդամ Գեւորգ Սաֆարյանը չի հերքել և չի հաստատել տեղեկությունները, թե իրենք պարբերաբար հանդիպում-քննարկումներ են ունենում վերոնշյալ ուժերի հետ։ Նրա խոսքով՝ «Ես նման տեղեկություն չունեմ։ Բազմաթիվ մարդկանց հետ քննարկումներ ունենում ենք, որոնց մասին հանրայնացնում ենք»։
Սաֆարյանը նաև հայտնում է, որ տեղյակ չէ, թե արդյոք ունեցել են հանդիպում «Միասնության թեւեր» շարժման առաջնորդ Արման Թաթոյանի հետ։
Անդրադառնալով ընտրություններին մասնակցելու հարցին՝ «Սասնա ծռեր» կուսակցության ներկայացուցիչը նշել է, որ առայժմ ընտրություններին մասնակցելու որոշում չունեն։