Այսօր կառավարության նիստում ընդունվեցին երկու որոշումներ, որոնք նպատակ ունեն խթանել երկու ընկերությունների ներդրումային ծրագրերը։
Առաջին որոշումը վերաբերում է «Ջերմուկ գրուպ» ընկերությանը։ Ընկերության օգտին տրամադրվեց մաքսային արտոնություն՝ իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծվող ապրանքների համար։ Ներդրումային ծրագիրն իրականացվելու է Վայոց Ձորի մարզում։ Ընկերությունը հիմնական միջոցների ձեռքբերման համար կատարելու է 224,4 մլն դրամի ներդրում, իսկ պետության կողմից տրամադրվող մաքսատուրքի արտոնությունը գնահատվում է շուրջ 18 մլն դրամ։ Ընկերության ներդրումային ծրագրի հիմնավորման մեջ նշվում է, որ ներմուծվող ապրանքները չեն ներմուծվում ԵԱՏՄ անդամ-երկրներից, քանի որ չեն բավարարում ընկերության տեխնիկական պահանջներին։ «Ջերմուկ գրուպը» պատկանում է Վայոց Ձորի մարզպետ Վահագն Արսենյանին։
Երկրորդ որոշմամբ մաքսատուրքից ազատվելու արտոնություն տրամադրվեց գործարար Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Լեքս Տոբակո Քոմփանի» ՍՊԸ-ի կողմից ներմուծվող հումքի համար։ Այս արտոնության շնորհիվ ընկերությունը կազատվի մաքսատուրքի 2 մլրդ դրամի գումարից։