Հոկտեմբերի վերջին Հովհաննավանքում տեղի ունեցած իրադարձությունների հետ կապված մեր կողմից ներկայացված դիմումները քննչական մարմինների կողմից մերժվել են, իսկ դրանց դեմ ներկայացված բողոքարկումները մինչ օրս անպատասխան են մնացել։
Ինչպես նախկինում հաղորդվել էր, Հովհաննավանքի կարգալույծ արված քահանան՝ Ստեփան Ասատրյանը (նախկինում՝ տեր Արամ), հոկտեմբերի 26-ին «պատարագ» է մատուցել։ Թեպետ Մայր աթոռը բազմիցս հայտարարել էր, որ եկեղեցական ծես անցկացնել կարող է միայն օծված հոգևորականը, սակայն ոչ միայն Ստեփան Ասատրյանը, այլև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նախարարներ, մարզպետներ և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հարյուրավոր համակիրներ մասնակցել են այդ հայտարարված «պատարագին»։
Մենք գլխավոր դատախազին ներկայացրել էինք հաղորդում՝ խնդրելով բարձրացնել Նիկոլ Փաշինյանի և այլ պաշտոնատար անձանց քրեական պատասխանատվության հարցը։ Մեր պնդումների հիմքը ՀՀ Քրեական օրենսգրքի 209-րդ հոդվածն էր, որի համաձայն Հովհաննավանքում խոչընդոտվել է կրոնական ծեսի կատարումը, ընդ որում՝ իշխանական կամ ծառայական լիազորություններով պայմանավորված, ինչը հանցագործությունը ավելի որակյալ է դարձնում։
Մենք կարծում էինք, որ վարչապետի, ոստիկանության, քննչական մարմնի ծառայողների, ինչպես նաև Ստեփան Ասատրյանի և այլ քաղաքական անձանց գործողություններով խոչընդոտվել է Հայ առաքելական սուրբ եկեղեցու գործունեությունը։ Բացի այդ, մենք համարում էինք, որ առկա է նաև ծառայական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հանցակազմ։
Բայց քննչական մարմինը քրեական վարույթ չնախաձեռնեց։ Մենք բողոքարկել ենք դատախազին, այնուհետև՝ դատարան։ Բողոքը մինչև հիմա էլ դատարանում է, և մենք պատասխան չենք ստացել։