Այսօր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Եվրոպական միության ներքին գործերի և միգրացիայի հարցերով հանձնակատար Մագնուս Բրունների հետ։
Հանդիպման ընթացքում երկու կողմերն էլ նշել են Եվրոպական միության հետ համագործակցության հետևողական զարգացման կարևորությունը։ Վարչապետը կարևորել է մեր երկրում ընթացող ժողովրդավարական բարեփոխումների արդյունավետ իրականացման գործում ԵՄ-ի շարունակական օժանդակությունը։ Նա ընդգծել է, որ Հայաստանի կառավարության նպատակն է տարբեր ոլորտներում ներդնել այնպիսի ստանդարտներ, որոնք կհամապատասխանեն ԵՄ չափանիշներին։
ՀՀ ղեկավարը գոհունակություն է հայտնել Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացման ուղեղականացման ուղղությամբ իրականացվող աշխատանքներից՝ նշելով, որ այս գործընթացը ևս մեկ կարևոր քայլ է երկկողմ հարաբերությունների խորացման և ընդլայնման ճանապարհին։
Իր հերթին, ԵՄ ներքին գործերի և միգրացիայի հարցերով հանձնակատարը շեշտել է, որ Հայաստանը վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրն իրականացնում է հաջողությամբ և արդյունավետ։ Նա հույս է հայտնել, որ Հայաստանի հետևողական քայլերը կհանգեցնեն սպասված դրական արդյունքին։ Մագնուս Բրունները նաև կրկին ընդգծել է ԵՄ-ի պատրաստակամությունը բարեփոխումների առաջմղման նպատակով աջակցություն ցուցաբերելու համար։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստան-ԵՄ փոխգործակցության օրակարգային հարցերին, ինչպես նաև անդրադարձ կատարել տարածաշրջանային նշանակության այլ թեմաների։