Շենգավիթ վարչական շրջանի նախկին ղեկավար, ՔՊ նախկին անդամ Ռազմիկ Մկրտչյանի գործը դատարանում է։ Նա մեղադրվում է մի խումբ այլ անձանց հետ իր կուսակցական գործընկեր՝ Տիգրան Մակարյանին ֆիզիկական ուժեղ ցավ եւ հոգեկան տառապանք պատճառելու համար։
Նախկին թաղապետը, թերթի հետ զրույցում անդրադառնալով իր նկատմամբ առաջադրված մեղադրանքին, նշել է․ «Չեմ կարծում, որ ես միայն չափալախելու համար կնստեմ, հատկապես երբ մարմնական վնասվածք չի եղել։ Եթե ես մարդուն ծեծեի, ձեռը ջարդեի կամ ծանր մարմնական վնաս պատճառեի, ապա ես էլի չէի նստելու»։
Նրա խոսքով՝ 2 ամսվա բանտային կալանքը կրվել է բացառապես այն պատճառով, որ նա կրում է պարտավորություն՝ պատգամավորներին (ՔՊ-ական պատգամավորների մասին է խոսքը) կամ նույն անձին նորից չծեծի կամ որեւէ այլ գործողություն չանեն։ «Իմ վրա արգելք է՝ պատգամավորներին չծեծել, հանկարծ չգնամ՝ հաշվեհարդար տեսնեմ կամ այլ գործողություն չանեմ»։
Հարցին՝ կոնկրետ ո՞ր պատգամավորների մասին է խոսքը, նա պատասխանել է․ «Չգիտեմ՝ դատարանի որոշման մեջ անունները նշված են, թե ոչ, սակայն գիտեմ, թե ում մասին է խոսքը։ Կարծում եմ՝ կարիք չկա, որ ես դա ասեմ։ Իմ սահմանափակումն այն է, որ ես չգտնվեմ նրանց տան մոտ կամ նրանց մոտ»։ Նա նաեւ հավելել է, որ դատարանում բանավոր կերպով հենց այդ խոսակցությունն է եղել, եւ անկեղծ ասած, նա որոշմանը չի ծանոթացել, քանի որ այն «անհետաքրքիր է»։