ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտարարել է, որ կա ընկերություն, որը Ադրբեջանից բենզին է ներմուծում և այն վաճառում է որպես եվրոպական արտադրության։
«Իրեն խիստ զգուշացվել է․ կամ դու կհայտարարես, որ ադրբեջանական բենզին ես բերում և փողը փոխանցում ես Ադրբեջանին, կամ չես կարողանալու վաճառել այդ բենզինը», — ասել է նախարարը՝ ընդգծելով, որ կառավարությունը չի թույլ տալու սպառողներին խաբելու և «սուտի հայրենասեր խաղ» անելու փորձեր։
Հարցմանը՝ թե որ ընկերության մասին է խոսքը, նախարարը հրաժարվել է տրամադրել մանրամասն տեղեկություն՝ չհայտարարելով անուններ կամ փաստեր։
Իմ աղբյուրների համաձայն՝ նախարարի նկարագրած խարդախության հեղինակ ընկերությունը «ՍիՓիԷս»-ն է, որը դիզվառելիքի շուկայում հայտնի և հնաբնակներից է։ «Սի փի էս էներջի գրուպ» ընկերությունը, որը պատկանում է Աշոտ Սալազարյանին, իր բիզնեսը սկսել է 1994 թվականից։ Ընկերության անվանումը տարիների ընթացքում մի քանի անգամ փոխվել է՝ «Քաղ Պետրոլ Սերվիս», «Սիթի Պետրոլ Գրուպ», «ՍԻՓԻԷՍ ՕԻԼ», «ՍԻՓԻԷՍ ՕԻԼ Քորփորեյշն», սակայն բրենդը մնացել է նույնը՝ CPS։ Այն վառելանյութի մեծածախ և մանրածախ շուկայի խոշոր խաղացողներից է։
Ես փորձել եմ կապ հաստատել «ՍիՓիԷս» ընկերության հետ՝ մեկնաբանություն ստանալու համար, սակայն հաջողություն չի ունեցել։