Հայաստանի և Եվրամիության միջև դիմակայունության բարձրացման, այդ թվում՝ հիբրիդային սպառնալիքներին դիմակայելու ուղղությամբ համագործակցությունը շարունակական է և նոր չի սկսվել։ Այս մասին ի պատասխան Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր հանձնակատար Կայա Կալասի հայտարարությանը հայտնել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
«Այդ սկզբունքով ընդունվեցին, օրինակ՝ այս պահին իրականացման ակտիվ փուլում գտնվող «Դիմակայունություն և աճ» ծրագիրը, ինչպես նաև Հայաստանում ԵՄ առաքելության տեղակայման մասին որոշումը»,- նշել է Անի Բադալյանը։
Նրա խոսքով՝ բացառություն չէ ընտրական գործընթացները ժողովրդավարական չափանիշներին համահունչ ապահովելու ճանապարհին հնարավոր հիբրիդային սպառնալիքներին հակազդելու նպատակով փոխգործակցությունը, որը ներառում է ԵՄ-ի աջակցությունը՝ հաշվի առնելով այս ուղղությամբ ԵՄ և դրա անդամ երկրների փորձն ու գործիքակազմը։
Համատեղ քննարկումների արդյունքում ձևավորված նախաձեռնությունների շուրջ որոշումների կայացման պարագայում հանրությունը պատշաճ կտեղեկացվի, հավելել է խոսնակը։
Հիշեցնենք, որ Բրյուսելում տեղի է ունենում ԵՄ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների հանդիպումը, որին հրավիրված է նաև Հայաստանի արտաքին գործերի նախարարը։ Հանդիպումից առաջ Կայա Կալասը հայտարարել էր, որ պաշտոնական Երևանը Միությունից աջակցություն է խնդրել երկրում 2026 թվականին կայանալիք խորհրդարանի ընտրությանն ընդառաջ նկատվող հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարելու համար։ Նա նաև հայտնել էր, որ Եվրամիությունը 15 մլն եվրո կտրամադրի Հայաստանին խաղաղության և դիմակայունության ամրապնդման, ինչպես նաև տեղեկատվական դաշտում մարտահրավերներին դիմակայելու համար։