ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը, որը հանուն պաշտոնի հեծանիվ էր վարում և 20 կգ քաշ կորցրեց, օգտագործում է բարձր դասի, գերթանկարժեք հեծանիվ։
Մեր թղթակցության կողմից լուսանկարների հիման վրա կատարված ուսումնասիրությունը պարզել է, որ խոսքը Canyon Aeroad մրցարշավային հեծանիվի մասին է, որը պատկանում է բարձր դասի carbon մոդելների շարքին։
Canyon-ի պաշտոնական կայքում ներկայացված Aeroad CF SLX 7 Di2 մոդելի արժեքը կազմում է 5,099 դոլար, իսկ CF SLX 8 Di2-ի մոդելի համար գինը հասնում է 6,199 դոլարի։ Ավելի բարձր դասի CF SLX 9 Di2 մոդելը վաճառվում է 8,299 դոլարով, իսկ Aeroad CFR AXS տարբերակը սկսվում է 10,499 դոլարից։
Թեև լուսանկարից հեծանիվի կոնկրետ կոմպլեկտացիան հաստատել հնարավոր չէ, ակնհայտ է, որ խոսքը սովորական, զանգվածային արտադրության հեծանիվի մասին չէ։
Այս թանկարժեք հեծանիվի արժեքը հատկապես ուշագրավ է դառնում, եթե հաշվի առնենք, որ Armstat-ի 2024 թվականի տվյալներով՝ Հայաստանի բնակչության 21.7%-ը ապրում է ազգային աղքատության գծից ներքև։ Որոշ մարզերում, ինչպիսիք են Շիրակը (43.0%), Տավուշը (39.9%) և Վայոց ձորը (30.3%), պատկերը շատ ավելի ծանր է։ Այս թիվերը ներկայացնում են տասնյակ հազարավոր ընտանիքների առօրյա դժվարին ընտրություն՝ դեղորայքի, սննդի կամ կոմունալ վճարների միջև։
Այս պայմաններում հանրային պաշտոն զբաղեցնող անձի՝ ցուցադրական թանկարժեք առօրյան, ինչպիսին նախարարի հեծանիվի դեպքում է, դառնում է ոչ միայն անձնական ճաշակի, այլև քաղաքական և բարոյական պատասխանատվության հարց։
Հիշեցնենք, որ Արսեն Թորոսյանը, վկայի կարգավիճակով, ներգրավված է COVID-19-ի գործով, որը 6 տարի շարունակ քննվում է։