Դեկտեմբերի 16-ին Լյուքսեմբուրգում Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի նախագահ Կլոդ Վիզլերի հետ։
Հանդիպման ընթացքում զրուցակիցները բարձր են գնահատել երկկողմ հարաբերությունների զարգացման արդյունքները՝ նշելով, որ դրանք հասել են ռազմավարական գործընկերության մակարդակի։ Այս համատեքստում նրանք անդրադարձ են կատարել նույն օրը ստորագրված Համատեղ հռչակագրին, որը սահմանում է երկու երկրների միջև համագործակցության առաջնահերթությունները՝ ընդգծելով օրենսդիր մարմինների փոխգործակցության կարևորությունը։
Արարատ Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Լյուքսեմբուրգի խորհրդարանի կողմից Հայաստանին ցուցաբերվող շարունակական աջակցության համար։
Հանդիպման ընթացքում նաև քննարկվել են Հայաստան-ԵՄ ռազմավարական օրակարգի շրջանակում իրականացվող ծրագրերի կյանքի կոչման հնարավորությունները։
Զրույցի ընթացքում հանգամանալից քննարկվել են տարածաշրջանային հարցերը։ Արարատ Միրզոյանը ներկայացրել է հարևանների հետ հարաբերությունների կարգավորման գործընթացները, ինչպես նաև փոխանակվել են մտքեր տարածաշրջանային հաղորդակցությունների զարգացման ուղղությամբ ստեղծված հնարավորությունների շուրջ։ Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի հասցեագրմանը։