Քենիայի մայրաքաղաք Նայրոբիում, ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի ասամբլեայի 7-րդ նստաշրջանի (UNEA-7) շրջանակում, այսօր առաջին անգամ պաշտոնապես ներկայացվել են Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի՝ CoP17-ի նոր տարբերանշանն ու կարգախոսը։
Համաժողովի կազմակերպիչները նշում են, որ այս նոր տարբերանշանը և կարգախոսը ավելին են, քան պարզապես պատկեր կամ ձևակերպում։ Դրանք ներկայացնում են միասնական տեսլական՝ նպատակների ամբողջականության և համատեղ պատասխանատվության մասին։
Հայաստանը, որը կընդունի CoP17-ը, պատրաստվում է ընդունել կենսաբազմազանության համաշխարհային համայնքին հստակ համոզմամբ, որ ժամանակն է խոսքերը վերածելու իրական գործողությունների, իսկ համագործակցությունը՝ համակարգային փոփոխությունների։
CoP17-ի ընթացքում առաջնահերթությունը կլինի Կունմին-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի իրական և չափելի իրականացումը՝ ազգային քաղաքականությունների, ծրագրերի և գործնական քայլերի մակարդակով։
Հայաստանի կառավարությունը կարևորում է իրականացման ամբողջ գործընթացի ներառականությունը։ Այս համատեքստում ապահովվում է, որ բնիկ ժողովուրդները և տեղական համայնքները, կանայք, երիտասարդները, քաղաքացիական հասարակության, ակադեմիական շրջանակի ու մասնավոր հատվածի ներկայացուցիչները լինեն լիարժեք գործընկերներ։
Հայաստանի նախագահության ներքո CoP17-ը նպատակ ունի ամրապնդել սիներգիաները կենսաբազմազանության, կլիմայի և հողային ռեսուրսների պահպանության ոլորտներում՝ նպաստելով քաղաքականությունների փոխլրացմանն ու գործնական արդյունքներին։
Այս ամենը միավորում է մեկ հստակ ուղերձի ներքո՝ ժամանակն է ԳՈՐԾԵԼՈՒ ՀԱՆՈՒՆ ԲՆՈՒԹՅԱՆ։
Պաշտոնապես ներկայացնելով CoP17-ի տարբերանշանն ու կարգախոսը՝ հայաստանյան կողմը համոզված է, որ դրանք կդառնան միասնական ջանքերի խորհրդանիշը՝ Կունմին–Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի իրականացման և բնության հետ ներդաշնակ ապրելու խոստումի ճանապարհին։
Հայաստանը սիրով սպասում է բոլորին՝ միասնական և վճռական՝ գործելով հանուն բնության։