Հայաստանի Հանրապետության կառավարությունը հանդես է գալիս պարզաբանմամբ՝ արձագանքելով լրատվական միջոցներից մեկի կողմից տարածված տեղեկատվությանը, թե «Կառավարության հույժ գաղտնի որոշմամբ բարձրաստիճան պաշտոնյաները խոշոր պարգևավճարներ են ստացել»։
Այս տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։ Կառավարությունը նշում է, որ 2025 թվականի նոյեմբերի 27-ին ընդունվել է Պետական կառավարման համակարգի առանձին մարմինների կատարողականի գնահատման և դրա հիման վրա խրախուսման պիլոտային կարգը, իսկ դեկտեմբերի 4-ին՝ պետական մարմիններին գումար հատկացնելու վերաբերյալ որոշումը։
Այս փաստաթղթերը գաղտնիության բնույթ չեն կրում։ Դրանք կառավարության նիստերի ընթացքում զեկուցվող հարցեր էին և նիստի ընթացքում մանրամասն ներկայացվել են դրանց նպատակները և սկզբունքները։
Համապատասխան որոշումները հրապարակված են՝ ապահովելով լայն հասանելիություն։ Օրինակ, Կառավարության 2025 թվականի նոյեմբերի 27-ի N 1712-Լ որոշումը հրապարակված է www.e-gov.am կայքում։
Կառավարության՝ պետական մարմիններին գումար հատկացնելու վերաբերյալ 2025 թվականի դեկտեմբերի 4-ի N 1763-Ն որոշման գաղտնի կետը վերաբերում է միայն ուժային կառույցներին։ Ընդունված որոշումները բխում են հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարությունից, որի նպատակն է բարձրացնել կառավարման մարմինների արդյունավետությունը և հանրային ծառայությունների որակը։