Դեկտեմբերի 14-ին Իրանում Հայաստանի Հանրապետության դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթիի հետ։
Հանդիպման ընթացքում զրուցակիցները մանրամասն քննարկել են Հայաստան-Իրան երկկողմ հարաբերությունների ընթացիկ վիճակը։ Նրանք ընդգծել են երկու երկրների միջև հաստատված հարաբերությունների պատմական և ռազմավարական բնույթը՝ միաժամանակ վերահաստատելով փոխադարձ կամքը՝ դրանք ևս ավելի խորացնելու ուղղությամբ։
ՀՀ դեսպանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանն ուղղված գործընթացի վերջին զարգացումները։ Ալի Աքբար Վելայաթին ողջունել է երկու հարևան պետությունների միջև հարաբերությունների կարգավորմանն ու տարածաշրջանի կայունությանը միտված ջանքերը։
Զրուցակիցները նաև անդրադարձել են տարածաշրջանի հաղորդակցային ուղիների ապաշրջափակման հարցին։ Ըստ դեսպան Հակոբյանի՝ «Թրամփի ուղի»-ի ծրագիրը կյանքի է կոչվելու պետությունների տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության և փոխադարձության սկզբունքների հիման վրա։ Նա նշել է, որ այս նախագիծը լայն հնարավորություններ կստեղծի տարածաշրջանի փոխկապակցվածության և տնտեսական զարգացման համար։
ՀՀ դեսպանը վերահաստատել է Երևանի կողմից Թեհրանի անվերապահ դիրքորոշումը՝ վերոնշյալ սկզբունքներն անվերապահորեն հարգելու հարցում, ինչպես նաև նշել, որ Հայաստանը փոխադարձաբար հաշվի է առնում Իրանի անվտանգային և քաղաքական զգայունությունները։
Զրուցակիցները կարևորել են տարածաշրջանային հարցերի վերաբերյալ շարունակական երկխոսությունների և խորհրդակցությունների անցկացումը՝ որպես տարածաշրջանի կայունության և խաղաղության հզոր գործիք։