Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ընդունել է Հայաստանում Իրանի նորանշանակ դեսպան Խալիլ Շիրղոլամիին՝ նախքան նրա Երևան մեկնելը։
Հանդիպման ընթացքում Իրանի արտաքին գործերի նախարարը նշել է երկու երկրների միջև համագործակցությունն ամրապնդելու համար առկա բոլոր հնարավորությունների օգտագործման անհրաժեշտության մասին։ Խալիլ Շիրղոլամին ներկայացրել է իր ծրագրերը՝ բարիդրացիական քաղաքականության շրջանակում հարաբերությունները զարգացնելու ուղղությամբ։
Աբբաս Արաղչին հաջողություն մաղթելով նորանշանակ դեսպանին՝ Իրանի և Հայաստանի միջև հարաբերությունները որակել է որպես քաղաքակրթական և պատմական։ Նախքան Հայաստանում Իրանի դեսպան պաշտոնը ստանձնելը Խալիլ Շիրղոլամին զբաղեցրել է Իրանի արտաքին գործերի նախարարության Քաղաքական և միջազգային հետազոտությունների կենտրոնի ղեկավարի՝ հետազոտությունների և ուսումնասիրությունների գծով տեղակալի պաշտոնը։