ՀՀ քննչական կոմիտեում հարցաքննության են հրավիրել Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանին։ Իրավապահ համակարգի աղբյուրներից ստացված տեղեկությունների համաձայն՝ հարցաքննության ընթացքում նրանից մեկ հարց կապված էր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գործով։
Հարցը վերաբերում էր այն իրադարձությանը, երբ 2024 թվականի հունիսի 21-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը իր մեքենան նվիրեց Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանին։
Հիշեցնենք, որ այդ իրադարձությունը տեղի էր ունեցել այն բանից հետո, երբ ՀՀ ՆԳՆ ոստիկանության հատուկջոկատայինները կոտրել էին ՀՀ-ում Արցախի ներկայացուցչության դարպասը և հատուկ տեխնիկայի միջոցով այնտեղից տարել Սամվել Շահրամանյանին սպասարկող մեքենան։ Այս իրադարձությունից հետո Բագրատ սրբազանը որոշեց իր մեքենան փոխանցել Արցախի նախագահին։
Այսպիսով, թերևս, հենց այս մեքենան էր այն կապը, որը հիմք դարձավ Բագրատ սրբազանի և Արցախի նախագահի միջև, ինչի պատճառով էլ վերջինիս հարցաքննել են «ահաբեկչության» գործով։