Իշխանությունները, հատկապես Նիկոլ Փաշինյանը, ընտրությունների շեմին կիրառում են առնվազն երկու «քարոզչական» բնույթի մեթոդ։
Առաջինը վերաբերում է այն մարդկանց նկատմամբ շինծու «գործերի» հարուցմանը, որոնց նպատակն է հնարավորինս շատ «անցանկալի» անձանց լռեցնել և հեռու պահել ակտիվությունից։ Գնալով ավելի հաճախակի են դառնում օրինակները, երբ որևէ մի բառի կամ գրառման համար անհապաղ նախաձեռնվում է քրեական վարույթ։ Չնայած այդ «գործերը» հաճախ անհեթեթ են, անհիմն և շինծու, իշխանությունները առաջնորդվում են «նպատակն արդարացնում է միջոցները» սկզբունքով։ Իսկ նպատակը, ինչպես արդեն նշվեց, ակտիվ քննադատների լռեցումն է։
Երկրորդ «գործիքը» նպատակ ունի հասարակության մեջ, հատկապես՝ որոշակի ակտիվություն դրսևորողների շրջանում, ձևավորել ապատիայի մթնոլորտ։ Բացի հավատ չներշնչող «սոցհարցումների» տվյալներ հրապարակելուց և 50, 60, 65 տոկոս ստանալու «նպատակների» մասին բարձրաձայնելուց, նրանք կիրառում են նաև այլ միջոցներ։ Այս դեպքում օգտագործվում են ոչ թե պաշտոնական քարոզչական ծառայություններին կից գործող մարդիկ, այլ այն անձանց, որոնք վերջին շրջանում դիրքավորվել են որպես «Նիկոլին քննադատողներ»։ Վերջիններս «պատահական» հանդիպումների ժամանակ «ձեռքի հետ» առաջ են քաշում այն միտքը, թե՝ «ես էլ եմ սրանց դեմ, բայց, դե, հասկանում ենք, որ ամեն ինչ որոշված է, արդեն ընտրված են»։
Ավելին, նույն «գործիքների» միջոցով շրջանառվում են նաև թվեր՝ մի քիչ ավելի պակաս, քան 2018-ին ստացածը, բայց էլի բավականին «սոլիդ» ու ֆանտաստիկայի ժանրից։ Զուգահեռաբար, կարևոր են համարում հիմնական ընդդիմադիր ուժերի մասին հեգնանքով խոսել, թե՝ «հա, դեմ եմ սրանց, բայց դե, ախր, ո՞վ գա՝ X-ը, Y-ը, Z-ը»։ Հաշվարկը պարզ է. եթե նման «զրույցների» արդյունքում 10-ից գոնե 1-ը հավատա, ուրեմն կհամարեն, որ «միսիան» կատարված է։