Այսօր՝ դեկտեմբերի 23-ին, Երևանի ավագանին կանցկացնի իր 5-րդ նստաշրջանի 4-րդ տարեվերջյան նիստը, որի ընթացքում կընդունի 2026 թվականի տեղական վճարների դրույքաչափերը։
Քաղաքային իշխանությունները օրակարգ են ներկայացրել «Երևան համայնքում 2026 թվականի տեղական տուրքերի գծով արտոնություններ սահմանելու մասին» և «Երևան համայնքում 2026 թվականի տեղական վճարների գծով արտոնություններ սահմանելու մասին» զեկույցները։
Նիստի հիմնական կետերից մեկը կլինի քաղաքային տուրքերի և վճարների մասին նախագծի հաստատումը, որը ներառում է նաև սկանդալային «Կարմիր գծերի» թանկացման մասին դրույթները։
«Մայր Հայաստան» խմբակցության ավագանու անդամ Գևորգ Ստեփանյանը հայտնել է, որ այսօր նիստի ընթացքում կրկին կներկայացվի բարձր վճարներով նախագիծը։
Հիշեցնենք, թե ինչ էր հանգեցրել այս ծրագրի սկանդալայինության։ 2023 թվականի վերջին Երևանի ավագանու որոշմամբ քաղաքը բաժանվեց երկու գոտի՝ «Ա» և «Բ»։ Կարմիր գծերի «Ա» գոտում կայանման մեկ տարվա գինը նախկին 12 000 դրամի փոխարեն սահմանվեց 160 հազար դրամ, իսկ «Բ» գոտում՝ 24 000 դրամ։ Շեշտակի թանկացան նաև 1 ժամվա, շաբաթվա և ամսվա կայանման վճարները։
«Մայր Հայաստան» խմբակցությունը դեռևս 2024 և 2025 թվականների ավագանու որոշումները Վարչական դատարանում վիճարկել է։ Երկու գործերով էլ դատարանը նշված դրույթներն անվավեր է ճանաչել։ Սակայն որոշումները դեռևս օրինական ուժի մեջ չեն մտել, քանի որ Երևանի ավագանին դրանք բողոքարկել է։
Այսպիսով, եթե այսօր ավագանին կրկին հաստատի տեղական վճարների դրույքաչափերը, նախագիծը կրկին կհայտնվի անվավեր, բայց գործող վիճակում։ Իսկ եթե նիստում չապահովվի անհրաժեշտ քվորումը, ապա նախագիծը կարող է ընդհանրապես կյանքի չկոչվի։