Երևանում կայացած «Վիզաների ազատականացման ուղին. ԵՄ-Հայաստան համագործակցության ամրապնդումը վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման շրջանակում» պանելային քննարկման բացման ժամանակ ԵՄ ներքին գործերի և միգրացիայի հարցերով հանձնակատար Մագնուս Բրուննը հայտարարեց, որ Եվրոպական միությունը և Հայաստանը վիզաների ազատականացման ոլորտում կայուն տեմպով առաջ են շարժվում։
«Այս պահին աշխարհի միակ պետությունն եք, որի հետ մենք ունենք վիզաների ազատականացման երկխոսություն, ինչը բավականին տպավորիչ է»,-նշեց Բրուննը՝ ընդգծելով, որ դա վկայում է ԵՄ-ի և Հայաստանի միջև կապերի ամրապնդման մասին։ Նա նաև հավելեց, որ գործողությունների ծրագիրը իրականացնելու քաղաքական կամքը կա երկու կողմերում։
Հանձնակատարը նկատեց, որ Հայաստանի իշխանություններն արձագանքում են ծրագրով նախանշված առաջին հենանիշներին՝ օրինակ՝ փաստաթղթերի անվտանգության և միգրացիայի կառավարման ոլորտներում։ Շուտով հայաստանցիների համար կդառնան հասանելի կենսաչափական անձնագրերը և նոր նույնականացման քարտերը, որոնք, ըստ նրա, պարտադիր պայման են ազատ ճանապարհորդությունների համար ԵՄ շրջանակում։ Այս գործընթացը, ինչպես նշեց նա, նաև նպաստում է Հայաստանի սահմանների կառավարման համակարգի կատարելագործմանը։
Բրուննը շնորհակալություն հայտնելով ՀՀ իշխանություններին՝ նշեց, որ ԵՄ-ն ամբողջությամբ աջակցում է Հայաստանին։ Նա նաև նշեց, որ Frontex-ը պատրաստ է մասնակցել և աջակցել Հայաստանի սահմանապահ ծառայությանը։
Հանձնակատարը անդրադարձավ շենգենյան վիզաների դիմումների հետ կապված խնդիրներին՝ նշելով, որ ԵՄ-ն լիովին տեղեկացված է դիմողների կողմից սպասման երկար ժամանակահատվածների և որոշ հյուպատոսություններում դիմումների քննության երկարացման մասին։ «Հավատացած եղեք, որ մենք այս հարցին շատ լուրջ ենք վերաբերվում և աշխատում, որ բարելավենք իրավիճակը։ Արդեն բարելավումները տեսանելի են»,-հավաստիացրեց նա՝ ընդգծելով, որ նրանց նպատակն է ապահովել որակյալ դիմումների մեծ թվով ընդունում։