Շատերն այն կարծիքին են, որ Նիկոլ Փաշինյանի իշխանավարումը փաստացի ավարտեց Գյումրիում՝ տոտալ ձախողման ենթարկվելով։ Այս կարծիքը հիմնավորվում է մի քանի ակնհայտ փաստերով։
Եթե Հովհաննավանքում կազմակերպված «պատարագը» դեռևս թողնում էր մինիհանրահավաքի տպավորություն, ապա հաջորդ կիրակիներին նույնիսկ շատ փոքր հանրահավաքի համար անհրաժեշտ մարդաքանակը չէր ապահովվում։ Գյումրիում, սակայն, իրավիճակը զգալիորեն տարբերվեց։ Յոթ վերք եկեղեցում ներկա էին միայն ուժային կառույցների ներկայացուցիչներն ու մի քանի քպականներ։ Արդյունքում ստեղծվեց այնպիսի տպավորություն, որ այնտեղ անցկացվել է քպականների ժողով, այլ ոչ թե հավատացյալների պատարագ։ Պատահական չէ, որ Նիկոլ Փաշինյանի կազմակերպած «հակապատարագներն» արդեն ստացել են «քպատարագ» անվանումը։
Այս իրադարձության հաջողությանը խոչընդոտում էին նաև մի քանի այլ գործոններ։ Շիրակի թեմի հոգևորականները, իրենց բարձր, իրական հոգևորականին վայել պահվածքի և Հայ առաքելական եկեղեցուն նվիրվածության շնորհիվ, ստիպված էին Նիկոլ Փաշինյանի կողմից «արենդով» բերել քահանաներ, բռնությամբ բացել եկեղեցու դուռը և անցկացնել «հակապատարագը» առանց համապատասխան պարագաների։
Գյումրեցիների վերաբերմունքը նույնպես ակնհայտ էր։ Փողոցներում նրանք ցույց տվեցին իրենց վերաբերմունքը քպականների, ինչպես նաև Վեհափառին և Եկեղեցուն դավաճանած «հոգևորականների» նկատմամբ։ Այս իրադարձությունից հետո հատկապես վերջիններս ստիպված էին արագորեն լքել քաղաքը։
Իրավիճակը ավելի է սրվեց, երբ Եկեղեցում մի քանի քաղաքացիների կողմից հնչեցվեցին Վեհափառ Հայրապետի և Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանի անունները։ Այս ակցիան, որը սկսվել էր Երևանում՝ Սուրբ Սարգիս եկեղեցում Հովհաննես Իշխանյանի կողմից Կաթողիկոսի անունը հնչեցնելուց հետո, արդեն ստացել էր «ձնագնդի էֆեկտ» և կազմակերպված կերպով կրկնվում էր տարբեր քաղաքներում։ Գյումրիում այս ակցիան իրականացրեց «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման Գյումրու կառույցի ներկայացուցիչը, որին իրավապահները դուրս բերեցին եկեղեցուց։