Արցախի հայությունը, որը բռնագաղթի է ենթարկվել երկու տարվա ընթացքում, կառավարության կողմից սահմանված բնակարանային ծրագրի շրջանակում բնակարան է ձեռք բերել ընդամենը 1500 ընտանիք։ Այս թիվը 25 հազար տեղահանված ընտանիքի ընդամենը 6 տոկոսն է կազմում։
Այս վիճակագրական տվյալները ցայտուն ցուցիչ են իշխանությունների վերաբերմունքի մասին։ Իշխանությունները, որոնք ոչ միայն ճանաչեցին Արցախը ադրբեջանական իշխանությանը, այլև իրենց քաղաքականության հետևանքով հանգեցրին հայաթափմանը, այժմ էլ ամեն ինչ անում են, որպեսզի այս մարդիկ Հայաստանից էլ հեռանան։
Սա ավելին է, քան խայտառակություն։ Բռնագաղթի ենթարկված 25 հազար ընտանիքից ընդամենը 1500-ը կարողացել է բնակարան ունենալ։ Սա նշանակում է, որ իշխանությունները ոչ մի ծրագիր չեն իրականացնում, ինչի մասին պարբերաբար բարձրաձայնում են փորձագետներն ու արցախցիները, այդ թվում՝ Արցախի ԱԺ պատգամավորները։ Կամ, այլընտրանքային տարբերակով, իրականացնում են ծրագիր՝ արցախցիներին Հայաստանից դուրս մղելու համար։
Հիշենք վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, թե Արցախի համար իրենց իշխանությունից շատ ոչ մեկը ոչինչ չի արել։ Իհարկե, Փաշինյանից ու ՔՊ-ից ո՞վ կարող էր նման բան անել, որ Արցախը հայաթափվեր, քիչ է, դեռևս սոցիալական ծանր պայմաններում պահեին հայրենազրկված, հազարավոր մարդկանց, որոնք մի քանի ժամերի ընթացքում կորցրեցին իրենց տունը, գյուղը, քաղաքը, նախնյաց գերեզմանը, վանքը և եկեղեցին։