Այսօր Ազգային ժողովում նախատեսվում է քննարկել առողջապահության համընդհանուր ապահովագրության մասին նախագիծը, որը, ըստ իշխանությունների, պետք է դառնա ոչ միայն օրակարգային, այլև կենսական հարց՝ խորհրդարանական ընտրությունների նախընտրական փուլում տրված խոստումներից մեկը կատարելու համար։
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նախագիծը կներկայացնի Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովում՝ նախագահ Հռիփսիմե Հունանյանի նախագահությամբ։ Ըստ նախատեսված պլանների՝ այս նախագիծը կներառվի դեկտեմբերի սկզբին կայանալիք քառօրյա նիստերի օրակարգում։
Նախագծի հիմնական նպատակն է ապահովագրական համակարգի ներդրումը, որը, ինչպես պնդում են իշխանությունները, կապահովի ավելի արդյունավետ և արդար բուժօգնություն։ Սակայն այս «հրաշալի» նախագծի հետ կապված կարևոր նրբություն է, որը հասարակության շրջանում արտացոլվում է որպես նոր հարկատեսակ։
Իրականում, նախագծի համաձայն՝ 2026 թվականից սկսվելու է պարտադիր ապահովագրության առաջին փուլի մեկնարկը։ Այս փուլի շրջանակում պարտադիր ապահովագրությունից կօգտվեն 65 տարեկան և ավելի քանի 536.988 քաղաքացիները, ինչպես նաեւ մինչև 18 տարեկան մոտ 755.814 երեխաները։
Այս պահին, սակայն, այդ խմբերի ներկայացուցիչները արդեն իսկ օգտվում են պետպատվերի ծառայություններից։ Նախագծի հեղինակները պարզապես որոշել են փոխել պետպատվերի անվանումը՝ այն վերանվանելով «համընդհանուր ապահովագրություն»։
Այս փոփոխությունը, սակայն, ավելի է խորացնում իրավիճակը։ Քաղաքացիները, ովքեր արդեն իսկ ստանում են անվճար բուժօգնություն, 2026 թվականից սկսած պետք է ամեն ամիս պարտադիր վճար կատարեն՝ 10.750 դրամի չափով։ Այսպիսով, 200 հազար և ավելի դրամ ստացող քաղաքացիների կողմից տարեկան վճարվող 129 հազար դրամի պարտադիր վճարները կգոյանան առողջապահական բյուջե, որը փոխարինելու է մինչև հիմա գործող պետպատվերին։
Այսպիսով, նախագիծը, որը պետք է ապահովի բուժօգնության ապահովում, փաստացի ստեղծում է նոր ֆինանսական բեռ՝ հասարակության որոշ խմբերի համար։