Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը և իր կինը՝ Շուշան Ալեքսանյանը, 2024 թվականի հուլիսին ձեռք են բերել բնակելի տուն Աբովյան համայնքի Առինջ Բ թաղամասում, որի հասցեն 7/19 է։ Այս առանձնատունը գտնվում է Հայաստանում Բելառուսի դեսպանատան հարևանությամբ։
2025 թվականի մայիսի 29-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացված իրենց 2024 թվականի գույքի, եկամուտների և ծախսերի հայտարարագրում Կոնջորյաններն ունեցվածքի գնման արժեքը նշել են որպես 54 մլն դրամ։ Այս գործարքը կատարվել է «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ի կողմից տրամադրված հիպոթեկային վարկի միջոցով, որի չափը կազմել է 48 մլն 238 հազար դրամ։ Ընդհանուր գնումը, հավանաբար, իրականացվել է 5.7 մլն դրամի կանխավճարով։
Առանձնատունը երկհարկանի է և ունի ավտոկայանատեղի։ Այն ձեռք է բերվել «Միլոն մայնինգ» ՍՊԸ-ից, որի սեփականատերը Բաբկեն Հովակիմյանն է։ Հետաքրքրական է, որ Կոնջորյանի եղբայրը՝ Ավետ Կոնջորյանը, հանդիսանում է Հովակիմյանին պատկանող մեկ այլ ընկերության՝ «Միլոն ռեալթի» ՍՊԸ-ի տնօրեն։
«Միլոն մայնինգ» ՍՊԸ-ի տվյալներով՝ նման բնակելի տան 1 քառակուսի մետրի արժեքը կազմում է 420 հազար դրամ։ Ընդհանուր ներքին մակերեսը 240 քմ է, սակայն գնման պայմաններով վճարվում է միայն բնակելի տարածքի՝ 180 քմ-ի արժեքը։ Ըստ այդ տվյալների՝ նման առանձնատուն ձեռք բերելու համար պետք է վճարել 75 մլն 600 հազար դրամ, ինչը 21 մլն 600 հազար դրամով ավելի է, քան Կոնջորյանի հայտարարագրում նշված գումարը։
Այս տարբերության պատճառը պարզելու համար հարցում ուղղվել է Հայկ Կոնջորյանին։ Նա հարցին անպատասխան է մնացել, սակայն նշել է, որ համաձայն «Հանրային ծառայութան մասին» ՀՀ օրենքի՝ համարվում է հայտարարատու և ներկայացրել է իր գույքի, եկամուտների և ծախսերի հայտարարագիրը։
Հետաքրքրական է, որ հայտարարագրում նշված գումարը՝ 54 մլն դրամ, ունի իր տրամաբանությունը։ Համաձայն Հարկային օրենսգրքի՝ եկամտային հարկը հնարավոր է հետ ստանալ, եթե անշարժ գույք ձեռք բերելու գործարքի պայմանագրային արժեքը չի գերազանցում 55 մլն դրամը։