Իմ անունն է՝ Վարդան Ղուկասյանը, Գյումրու քաղաքապետը, որը 2025 թվականի հոկտեմբերի 21-ից պահվում է կալանավայրում։ Պետք է նշեմ, որ իմ հիմնարար իրավունքների խախտումը սկսվել է այն օրվանից, երբ իշխանությունները, կիրառելով շինծու մեղադրանքներ, զրկեցին ինձ ազատության։
Այս իրավիճակում ես զրկված եմ նաև Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ժամերգություններին և պատարագներին մասնակցելու իմ օրինական իրավունքից, որը երաշխավորված է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 41-րդ հոդվածով, ինչպես նաև Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության եվրոպական կոնվենցիայի 9-րդ հոդվածով։
Իմ հիմնարար իրավունքի սահմանափակումը կիրառվում է առանց որևէ օրինական և հիմնավորված պատճառի, կամայական կերպով՝ խախտելով իմ իրավունքը այն իրականացնելու ինչպես միայնակ, այնպես էլ այլոց հետ համատեղ, հրապարակավ կամ մասնավոր կարգով։ Իրավապահ մարմինները, զնդանների պահապանները, բանտարկել են ոչ միայն ինձ, այլև իմ հավատքը՝ արգելելով ինձ իրացնել իմ սահմանադրական իրավունքը։
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին իմ հոգևոր ծնողն է, որին ես իմ պարտքը տվել եմ և շարունակում եմ տալ՝ եկեղեցիներ կառուցելով, հոգևոր գրքերի հազարավոր տպաքանակներ տպագրելով և Հայաստանի բոլոր եկեղեցիներին ընծաներ նվիրաբերելով։ Որպես Հայ Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու նվիրյալ, ով տարվա 250 օրը անցկացնում է ծոմի և պահքի մեջ, որի համար մեր եկեղեցում հաղորդություն ստանալը, Խաչն ու Ավետարանը համբուրելը ծեսի սովորական մաս չէ, այլ Սուրբ Երրորդության, Լուսավորչի եկեղեցու ծառայի պարտականություն, նպատակային կերպով զրկված եմ մասնակցելու գեթ մեկ կիրակնօրյա պատարագներին։
Այս իրավիճակը ցույց է տալիս, որ «քրիստոսադավ ժողորդավարներն» արգելել են ինձ անգամ խունկի հոտն առնել բանտախցում, չեն ստեղծել պայմաններ միայնակ և բարձրաձայն աղոթելու համար, և արգելել են հպվել իմ Մոր՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու պատերին։
Հարց է ծագում, թե ինչ աստիճանի են վախեցած հուդայասիրտ ղեկավարները մեզ նման ազատամիտ, ազգին նվիրված մարդկանցից, որ արգելում են անգամ բանտից եկեղեցի գնալու մեր սահմանադրական իրավունքը։
Այս պատճառով ես դիմում եմ Հայաստանում աշխատող ժողովրդավար Եվրոպայի երկրների հավատարմագրված դեսպաններին, ՀՀ ՄԻՊ-ին և Գլխավոր դատախազին՝ պահանջելով վերահսկել իրավիճակը։ Դուք շնչում եք իմ երկրի խնկաբույր օդը, խմում հայրենիքիս մաքուր ջուրը, ձեզանից ոմանք քրիստոնեական հավատքի կրողներ են և խոնարհվում են Խաչի ու Ավետարանի առջեւ։ Եթե որևէ իշխանավոր փորձի բանտարկել ձեր հավատքը Քրիստոսի, Խաչի, Սուրբ Երրորդության վկայությունների նկատմամբ և դա անի կրոնական ազատությունների ապահովման կեղծ հայտարարությունների ներքո, այդ երկրի ղեկավարի նկատմամբ ո՞րն է լինելու ձեր վերաբերմունքը։
Ինչպես ասում է Հովհաննես Վարդապետ Երզնկացին. «Որովհետեւ, ով հայոց եկեղի, քո ուղղափառ հավատի լույսը չնվազեց, բարի ցորենիդ սերմին որոմ չխառնվեց, օտար ուսման աղտոտ ջուրը քո ավանդության հստակ աղբյուրը չպղտորեց, հերձվածության քացախը չհունցվեց քո կենդանության հացին», ես վստահ եմ, որ առաջիկայում կկարողանամ իրացնել իմ իրավունքը՝ մասնակցել սուրբ պատարագներին և միասնական աղոթքներին։
Գյումրիի քաղաքապետ
Վարդան Ղուկասյան