Իր ելույթում, որը տեղի ունեցավ Ռիյադում անցկացվող ՄԱԿ Քաղաքակրթությունների դաշինքի 11-րդ համաշխարհային ֆորումում, Դաշինքի բարեկամների խմբի բարձրաստիճան հանդիպման շրջանակում, Ռոբերտ Աբիսողոմոնյանը հայտարարել է, որ Հայաստանը խաղաղության և մշակութային ժառանգության պաշտպանության համար միջազգային ջանքերին ակտիվորեն նպաստում է՝ հիմնված լինելով հանդուրժողականության, փոխըմբռնման և բոլոր համայնքների արժանապատվության վրա։
Նրա խոսքով՝ հակամարտությունների կանխարգելման և հասարակությունների միջև վստահության վերականգնման հիմքը խաղաղության և բռնության դեմ պայքարի մշակույթի խթանումն է։ Հայաստանը համագործակցում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի, Քաղաքակրթությունների դաշինքի և Եվրոպայի խորհրդի հետ՝ ատելության խոսքի, ռասայական և էթնիկ խտրականության ու այլատյացության դեմ ուղղված համաշխարհային ջանքերին ակտիվորեն մասնակցելու համար։
Հայաստանը նաև ակտիվորեն ներգրավված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Մոսուլի ոգու վերականգնումը» նախաձեռնության շրջանակում իրականացվող Իրաքի փաստագրական մշակութային ժառանգության վերականգնման աշխատանքներին, ինչպես նաև Լիբանանում «Կապույտ վահան» կազմակերպության կողմից իրականացվող միջազգային նախագծերին։
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է 1954թ. Հաագայի կոնվենցիայի բարձր պայմանավորվող կողմերի 16-րդ հանդիպման շրջանակում Հայաստանի նախաձեռնած և միաձայն ընդունված բանաձևը, որը նպատակ ունի ամրապնդել մշակութային ժառանգության պաշտպանությունը և վերականգնումը՝ օգտագործելով նոր և զարգացող տեխնոլոգիաներ։
Նա ընդգծել է Հայաստանի առաջնահերթությունը՝ ուղղված երիտասարդության հզորացմանը և բազմազանության ու ներառականության խթանմանը՝ ներկայացնելով 2027թ․ Հայաստանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի 10-րդ միջազգային խաղերին։
ԱԳ նախարարի տեղակալը նաև վերահաստատել է Հայաստանի կանխարգելման օրակարգի առաջնահերթությունը՝ վկայակոչելով 2025թ. սեպտեմբերի 5-ին ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի լիագումար նիստի շրջանակում Հայաստանի կողմից ներկայացված և միաձայն ընդունված «Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի և արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրվա տասնամյակ» խորագրով բանաձևը։
Անդրադառնալով տարածաշրջանային զարգացումներին՝ Ռոբերտ Աբիսողոմոնյանը նշել է, որ Հայաստանը հանձնառու է տարածաշրջանում ընթացիկ կարգավորման գործընթացների հետագա առաջմղմանը։ Նա կարևորել է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռքբերված պայմանավորվածությունների իրականացումը՝ ի նպաստ Հարավային Կովկասում խաղաղության ամրապնդման և ավելի կայուն միջավայրի ստեղծման։ Նա նաև կարևորել է ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության և դրա կարևոր բաղադրիչի՝ «ԹՐԻՓՓ ուղի» ծրագրի իրականացումը՝ մարդկանց միջև շփումների միջոցով խթանելու տարածաշրջանում խաղաղությունը և ամրապնդելու վստահությունը։