Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Գերմանիայի Դաշնային Հանրապետության դաշնային կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հանդիպում են ունեցել Բեռլինում։
Հանդիպման ընթացքում կողմերը վերահաստատել են երկու երկրների միջև ձևավորված բազմամյա բարեկամական և գործընկերային հարաբերությունները։ Նշվել է, որ այս հարաբերությունները հիմնված են փոխադարձ վստահության, ընդհանուր արժեքների և շահերի վրա, ինչը նպաստում է համագործակցության շարունակական խորացմանը։
Կողմերը կարևորել են վերջին շրջանում արձանագրված առևտրաշրջանառության ծավալների աճը և հույս հայտնել են, որ այն կշարունակի զարգանալ ավելի դինամիկ և առաջընթաց տեմպերով։
Հանդիպմանը քննարկվել է Հայաստան-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգը։ Ընդգծվել է քաղաքական երկխոսության զարգացման, անվտանգային համագործակցության, կիբեռ սպառնալիքների և ապատեղեկատվության դեմ պայքարի, ինչպես նաև տնտեսական, մշակութային և գիտական համագործակցության խորացման կարևորությունը։ Գերմանական կողմը ողջունել է Հայաստանի՝ Եվրոպական միության և ժողովրդավարական պետությունների լայն ընտանիքի հետ կապերի ամրապնդումը։
Դաշնային կանցլեր Մերցը կարևորել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին դրական զարգացումները՝ որպես տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման կարևոր քայլ։ Նշվել է, որ դրանց հաջողված առաջընթացը, ինչպես նաև Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների լիակատար կարգավորումը նոր հնարավորություններ են բացում խաղաղ և բարգավաճ Հարավային Կովկասի համար։
Քննարկումը ծավալվել է ինչպես երկկողմ համագործակցության, այնպես էլ տարածաշրջանային անվտանգային մարտահրավերների և հեռանկարային օրակարգի շուրջ։