Այսօր Հայաստանում կատարվում է ԵՄ գնահատման առաջին առաքելությունը՝ Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև վիզաների ազատականացման ծրագրի (Գործողությունների ծրագիր) շրջանակում։
Դեկտեմբերի 8-ին Ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը ընդունել է ԵՄ գնահատման առաքելության ներկայացուցիչներին։ Հանդիպմանը, որին մասնակցել են ՆԳ նախարարության, ԵՄ պատվիրակության, ԵՄ հաստատությունների, ՖՐՈՆՏԵՔՍ-ի ներկայացուցիչներ և ԵՄ անդամ պետությունների ոլորտային փորձագետներ, Արմեն Ղազարյանը նշել է, որ համապատասխան գերատեսչությունների հետ կազմակերպված բազմակողմ քննարկումները կնպաստեն ստանալ լրացուցիչ տեղեկատվություն՝ ներկայացված փաստաթղթերի վերաբերյալ ավելի ամբողջական պատկերացում ձևավորելու համար։ Նա նաև ընդգծել է, որ մի շարք ռազմավարական փաստաթղթեր մշակման փուլում են։
Կողմերը կարևորել են որակի առաջնահերթությունը՝ ընդգծելով, որ մշակվող փաստաթղթերը պետք է լինեն համակողմանի, կենսունակ և գործնականում կիրառելի՝ ապահովելով բարեփոխումների արդյունավետ իրականացումը։ Առաքելության անդամները բարձր գնահատել են Հայաստանի հետ կառուցողական գործընկերությունը և կարևորել են Գործողությունների ծրագրի օրենսդրական և ոլորտային քաղաքականությունների շրջանակին վերաբերող առաջին փուլի հենանիշների կատարման առաջընթացի գնահատումը։
Նշվել է, որ Գործողությունների ծրագրի վերաբերյալ Եվրոպական հանձնաժողովի առաջին զեկույցը նախատեսվում է պատրաստել Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին ընդառաջ։
Նույն օրը ԵՄ գնահատման առաքելության անդամները հանդիպել են նաև Միգրացիայի և քաղաքացիության ծառայության ղեկավար կազմի հետ՝ Ծառայության պետ Նելլի Դավթյանի գլխավորությամբ։ Նելլի Դավթյանը ներկայացրել է Գործողությունների ծրագրի վերաբերելի կետերը՝ անդրադառնալով ոլորտը կարգավորող քաղաքականության, իրավական շրջանակի, մշակվող նոր փաստաթղթերի, կենսաչափական համակարգի ներդրման, տվյալների և իրավական ինքնության պաշտպանության, սահմանների համալիր կառավարման, ապաստանի տրամադրման ոլորտներին, ինչպես նաև միգրացիայի կառավարման շղթայի այլ բաղադրիչներին։ Նա ընդգծել է, որ ծառայությունը ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման ուղղությամբ ներդնում է բազմակողմ և հետևողական ջանքեր։