Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արցախի թեմը հրապարակում է պարզաբանական հայտարարություն՝ վերաբերյալ մամուլում անցյալ շաբաթվա ընթացքում հրապարակված որոշ հրապարակումների, որոնք վերագրվել են Արցախի թեմական խորհրդին։
Վերջին շրջանում Արցախի թեմական խորհուրդն իր անունից որևէ հայտարարություն չի տարածել։ Խորհրդի ատենապետ Տիար Լեռնիկ Հովհաննիսյանը, սեփական անունից կատարած հայտարարությունները քաղաքական նպատակներով ներկայացրել է որպես Թեմական խորհրդի պաշտոնական դիրքորոշում՝ դուրս գալով իր լիազորությունների սահմաններից։
Ներկայիս թեմական խորհուրդը ձևավորվել է Թեմակալ առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի նախաձեռնությամբ և հաստատվել է 2024 թվականի մարտի 11-ին։ Խորհրդի անդամների, այդ թվում՝ ատենապետի, մի մասը 2024 թվականի հունիսից աշխատում է Երևանում գործող Արցախի թեմի գրասենյակում։
Նոյեմբերի 28-ին Վրթանես սրբազանը Թեմի երևանյան գրասենյակում հանդիպում է ունեցել Խորհրդի 8 անդամներից 3-ի հետ։ Այդ հանդիպման ընթացքում սրբազանը, որպես Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանության անդամ, ներկայացրել է իր տեսլականները և քայլերը՝ առկա ճգնաժամի հաղթահարման, իրավիճակի առողջացման և Մայր Աթոռի հեղինակության պահպանման ուղղությամբ։
Լեռնիկ Հովհաննիսյանը, ով նաև Արցախի թեմի երևանյան գրասենյակի աշխատակից է, մամուլում ձևախեղված է ներկայացրել այդ հանդիպման բովանդակությունը և ձևաչափը, ինչը, թեմի կարծիքով, ակնհայտ քաղաքական նպատակներով է արվել։ Այսպիսով, ըստ հայտարարության՝ Թեմական խորհրդի ատենապետի և առանձին անդամների կողմից մամուլում ներկայացված հայտարարությունները չեն համապատասխանում իրականությանը, քանի որ դրանք ներկայացվել են որպես թեմական խորհրդի պաշտոնական դիրքորոշում, մինչդեռ ըստ թեմի կանոնադրության՝ թեմակալ առաջնորդը չի հրավիրել թեմական խորհրդի ժողով։
Արցախի թեմը հայտնում է իր ափսոսանքը՝ կապված այս իրավիճակի հետ, և կարծում է, որ հասարակական դյուրագռգիռ տրամադրությունների հավելյալ բորբոքումը, որը պայմանավորված է մեր ժողովրդի հիմնարար խնդիրների չլուծվածությամբ, ոչ միայն չի նպաստում դրանց լուծմանը, այլև քաղաքական պայքարի ընթացքում Արցախի թեմի գործոնի անտեղի շահարկումը վնաս է հասցնում արցախահայության համար այս կարևոր հոգևոր ինստիտուտին։
Թեմը հավատում է, որ բոլորի նվիրված ու հավատով լի աշխատանքը կարող է ամրապնդել հայկական պետականությունը և եկեղեցին՝ նպաստելով մեր ժողովրդի իրավունքների պաշտպանությանը և նրա բաղձանքների իրականացմանը։