Հայաստանը պաշտոնապես չի պատասխանել 2019 թվականի փաստաթղթին, քանի որ այն 2018 թվականի դրությամբ փաստաթղթերի սեղմագիրն էր, այլ ոչ թե նոր առաջարկ։ Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը՝ մեկնաբանելով ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի վերաբերյալ ընդդիմության հարցումները։
«Եթե կարճ պատասխանեմ՝ 2019-ի փաստաթուղթը 2018-ի դրությամբ փաստաթղթերի սեղմագիրն էր, այսինքն՝ այն, ինչ կար այդ պահի դրությամբ, և մենք դրա գնահատման փուլում ենք եղել»,- նշեց Ռուբինյանը։
Նա հստակ հերքեց ընդդիմության պնդումը, թե 2019 թվականին եղել է որևէ նոր առաջարկ, որին հայկական կողմը իբր ասել է ոչ։ Ըստ նրա՝ 2019 թվականի փաստաթուղթը նոր առաջարկ չէր, այլ 2018 թվականի դրությամբ Սերժ Սարգսյանի թողած ժառանգությունն էր։
«2019-ի փաստաթուղթը նոր առաջարկ չէր և 2018 թվականի դրությամբ Սերժ Սարգսյանի նախագահության ավարտի դրությամբ սեղմագիրն էր։ Հայկական կողմն այդ փաստաթուղթը չի մերժել»,- ընդգծեց Ռուբինյանը։
Խոսելով Սերժ Սարգսյանի գրած նամակի մասին՝ նա առաջարկեց ուշադրություն դարձնել դրա բովանդակությանը։ Ըստ նրա՝ նամակը գրվել էր 2016 թվականի օգոստոսին և ուղղված էր 2016 թվականի օգոստոսին առաջարկված տարբերակին։
«Սերժ Սարգսյանն այդ նամակը գրել է 2016 թվականի օգոստոսին։ Նա, ամենայն հավանականությամբ, այդ նամակով պատասխանում է 2016-ի օգոստոսի տարբերակին։ Ի՞նչ է ասում Սերժ Սարգսյանը, ասում է՝ սա լավ տարբերակ չէ։ Նա նամակում ասում է, որ անհրաժեշտ է ֆիքսել, որ այն շրջանները, որտեղից հայկական կողմը դուրս է գալիս, պետք է լինեն դեմիլիտարիզացված»,- բացատրեց Ռուբինյանը՝ հավելելով, որ Սերժ Սարգսյանն այդ հայտարարությունն արել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված նամակով։