Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող Կապսի ջրամբարի շինարարությունը, որը սկսվել էր խորհրդային տարիներից և վերսկսվել երկու տարի առաջ մեծ խոստումներով, այսօր գտնվում է ծայրահեղ վտանգավոր իրավիճակում։ Պատվիրատու կառույցների կողմից ապահովված վերահսկողության բացակայության և չինական կապալառուի պարտավորությունների չկատարման հետևանքով աշխատանքները կասեցվել են, իսկ ծրագրի իրականացումը լրջորեն հետ է ընկել նախատեսված ժամանակացույցից։
Իրականացված աշխատանքների ծավալը կազմում է ընդամենը 11-15 տոկոս։ Չինական «Շանսի Քոնսթրաքշն Ինվեսթմենթ Գրուպ» ընկերությունը, որը միջազգային մրցույթում հաղթել էր ծրագրի առաջին փուլը 34 ամսում՝ մինչև 2026 թվականը, ավարտելու պարտավորություն էր ստանձնել։ Սակայն, ինչպես հայտնի դարձավ, աշխատանքները 270 օրով, կամ մոտ ինը ամսով, հետ են մնացել։ Ըստ մասնագետների՝ այս կորցրած ժամանակը այլևս հնարավոր չէ լրացնել։
Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի Կապսի ջրամբարի ծրագրի համակարգող Դավիթ Զաքարյանը դեռ օգոստոսին հրապարակավ հայտարարել էր, որ շինարարության բնույթն այնպիսին է, որ փուլերի հերթականությունը խախտելը կամ կորցրած ժամանակը արագացնելով լրացնելը պարզապես անհնար է։ Այսինքն՝ կառավարությունը դեռ ամռանը գիտեր, որ չինական ընկերությունը լավ չի աշխատում։
Պաշտոնական բացատրությունը կապալառուի կողմից մրցութային փուլում ներկայացված անձնակազմի ժամանակին մոբիլիզացնելու անհնարինությանն է։ Արդյունքում չեն մշակվել պայմանագրով նախատեսված մեթոդաբանություններն ու փաստաթղթերը, ինչն էլ խոչընդոտել է բուն շինարարական աշխատանքների մեկնարկին։ Սակայն այստեղ առաջանում է հարց․ ինչո՞ւ է նման ռիսկը անտեսվել մրցույթի փուլում, և ինչո՞ւ է խնդիրը բացահայտվել միայն պայմանագրի մեկնարկից հետո, երբ ժամանակն ու միջոցները արդեն սկսում էին կորցվել։
Պաշտոնյաները փաստացի ընդունում են, որ մրցութային փուլում ռիսկերի գնահատումը թերի է եղել՝ այն համարելով «ոչ իրատեսական»։ Այս մոտեցումը դժվար է արդարացնել մի ծրագրի դեպքում, որի ֆինանսավորումը հասնում է հսկայական ծավալների։ Գերմանական KfW բանկը ծրագրի համար տրամադրել է 68.5 մլն եվրոյի վարկ, իսկ Հայաստանի կառավարությունը՝ 26.7 մլն եվրո։ Խոսքը ոչ միայն ձախողվող շինարարության, այլ նաև հարկատուների ու միջազգային վարկատուների միջոցների վտանգման մասին է։
Կապսի ջրամբարի շահագործման նախատեսվող արդյունքներն էլ հիշեցնում են այս ծրագրի կարևորությունը։ Շիրակի մարզում նախատեսվում էր 17 հազար հեկտար հողի լիարժեք ոռոգում ապահովել, իսկ 2300 հեկտարը՝ մեխանիկականից անցկացնել ինքնահոսի։ Այս խոստումները տարիներ շարունակ ներկայացվել են որպես մարզի գյուղատնտեսության զարգացման առանցքային հենասյուն։ Ծրագրի շրջանակում նախատեսվում էր տեղափոխել հարակից Ջրաձոր գյուղի 74 ընտանիքներին և կառուցել «21-րդ դարի գյուղ»։ Վարչապետը երեք տարի առաջ խոստանում էր նոր քաղաքաշինական մշակույթ, ժամանակակից ենթակառուցվածքներ և օրինակելի բնակավայր։ Սակայն այսօր պարզվում է՝ գյուղի կառուցումը նույնիսկ չի էլ սկսվել։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց, որ կապալառու ընկերությունը չի կատարել իր խոստումները, և շինարարությունը կասեցված է։ Սակայն հարցը մնում է՝ ինչո՞ւ է կառավարությունը և պատվիրատու կառույցը այս մասին բարձրաձայնում միայն հիմա, երբ ծրագրի ձախողումը արդեն ակնհայտ է։ Չէ՞ որ խնդիրները հայտնի էին ամիսներ առաջ, իսկ տեմպերի անբավարար լինելը պաշտոնապես արձանագրվել էր։
Կապսի ջրամբարի պատմությունը հերթական օրինակն է, թե ինչի կարող է հանգեցնել վատ կառավարումը, թույլ վերահսկողությունը, ռիսկերի թերի գնահատումը և օտարերկրյա կապալառուների նկատմամբ անհարկի վստահությունը։ Բայց գլխավորն այն է, որ կա մեղավոր՝ ի դեմս չինական ընկերության։