Իմ տղան, Դավիթ Ասլիյանը, ծնվել է Վանաձորում։ Նրա մանկությունն ու պատանեկությունը անցել են հարազատ քաղաքում, որտեղ էլ սովորել է դպրոցում։ Նա շատ աշխույժ երեխա էր, խոշոր աչքերը պսպղում էին դեմքին, և արդեն փոքրուց զգացվում էր, որ ունի հրաշալի հումորի զգացում։ Ընկերասեր էր, հարգում էր մեծին և պաշտպանում թույլին։
Դավիթը վաղ տարիքից հաճախեց դպրոց։ Սկզբում դժվարությամբ էր հարմարվում, անգամ լաց էր լինում, բայց արագ «թափ առավ»։ Նա շատ ուժեղ էր մաթեմատիկայից, մշտապես մասնակցում էր օլիմպիադաների, որտեղ, եթե ոչ առաջին, ապա երկրորդ հորիզոնականը զբաղեցնում էր։ Իններորդ դասարանն ավարտելուց հետո ընդունվեց Վանաձորի մանկավարժական համալսարանի հենակետային վարժարանի տնտեսագիտական հոսքը։ Վարժարանն ավարտելուց հետո, որոշել էր զորացրվելուց հետո մտածել բուհ ընդունվելու մասին։
Նա նաև ըմբշամարտով էր զբաղվել և ունեցել է բազմաթիվ մեդալներ։ Սպորտն իրեն ձգում էր, բայց քանի որ ավարտել էր տնտեսագիտական հոսքը, հավանաբար, կրթությունը կշարունակեր այդ ուղղությամբ։
2019 թվականի դեկտեմբերի 20-ին Դավիթը զորակոչվեց ժամկետային զինծառայության։ Ծառայում էր Մատաղիսում։ Նա բարձրահասակ էր, ֆիզիկապես շատ լավ պատրաստված, և բժշկական վերջին հետազոտությունների ժամանակ իրեն ասել էին, որ կարող է ծառայել պատվո պահակային վաշտում։ Բայց զինկոմիսարիատն իրեն ուղարկել էր վարորդական դասընթացների։ Նա ընդդիմացավ՝ ասելով, որ պետք է վարորդ լինի։ Ես նրան ասացի, որ դա լավ հնարավորություն է, բայց նա արձագանքեց․ «Մա՛մ, ոնց ես պատկերացնում, որ իմ այս շարժուն բնավորությամբ առանց աչքերս թարթելու մի տեղում կանգնած մնամ»։ Եվ այդպես էլ որպես վարորդ մեկնեց ծառայության։
Նա երբեք չի խոսել ծառայության ժամանակ ունեցած դժվարությունների մասին։ Միշտ ասում էր․ «Սաղ տոչնի ա»։ Նկար էր ուղարկում, նիհարել էր, բայց անգամ այդ դեպքում նույնն էր կրկնում։
Սեպտեմբերի 26-ին է Դավիթը վերջին անգամ զրուցել ընտանիքի անդամների հետ։ Քույրիկս ծննդյան օրն էր։ Զրուցեցինք, ասաց, որ շատ խառն է։ Քույրիկիս շնորհավորեց։ Հետո ասաց․ «Մամա՛, կզանգեմ, դիրքեր ենք գնում»։ Ես հարցրեցի՝ «Դավ ջան, նոր եք դիրքերից իջել»։ Նա արձագանքեց․ «Մա՛մ ջան, շատ խառն է»։ Ու մինչև հիմա Դավիթս զանգում է։
Սեպտեմբերի 27-ին սկսվեց 44-օրյա պատերազմը։ Պատերազմի հենց առաջին օրն է զոհվեց Դավիթը՝ մինչ այդ մեծ վնաս հասցնելով թշնամուն։ Առաջին հարվածն իրենց վրա են վերցրել Թալիշ-Մատաղիս սահմանագծում։ Սկզբում տեղեկությունները կցկտուր էին, բայց հետո, ինչպես ասում են, իր մեդալներից մեկը բերելով, հրամանատարները շատ մանրամասներ ասացին։ Պարզվեց, որ նա «բոյ» է տվել, չի նահանջել, մի քանի հոգով են եղել, իսկ վերջում միայն նա է մնացել։ Փամփուշտները վերջացել են, ձեռքը տարել է, որ ընկերոջը վերցնի, բայց վերջինիս անսարքության պատճառով գրպանի դանակով է փորձել շարունակել մարտը։ Հրամանատարներն են պատմում, որ շրջափակման մեջ է հայտնվել։ Որպեսզի գերի չընկնի, արդեն մենամարտի է բռնվել թշնամու հետ։
Այդպես, Թալիշի դիրքերում, Դավիթ Ասլիյանը, մինչև վերջին շունչը պայքարելով իրեն վստահված դիրքի համար, անմահացել է։
Սեպտեմբերի 27-ին է անմահացել իմ տղան։ Ընդամենը մի քանի օր անց նա արդեն «տանն էր»։ Իրենից տեղեկություն չունեինք, ասում էին՝ կապերը վատ են, բայց հետո, ինչպես ասում են, բոլորին իրար խառնելով, գտանք տղայիս։ Արդեն հանձնած հողերից էին իր մարմինը դուրս բերել։
Հիմա խոշոր ու պսպղուն աչքերով տղայի մասին անցորդներին պատմում են հարազատ շենքի բակում Դավիթի հիշատակին կառուցված տաղավարը և հուշաղբյուրը։ Դավիթին ապրեցնողը նրա ընտանիքն է, ավագ եղբայրը, որը վերջերս է ընտանիք կազմել։
Ապրելու ուժի մասին։ «Ամեն օր մահ էի տենչում։ Սա այնպիսի ցավ է, որ անգամ թշնամուդ չես ցանկանա։ Հոգիդ երեխայիդ հետ գնում է, ինչ-որ իմաստով մահանում։ Բայց որոշ ժամանակ անց, նաև քրոջս դեպքից հետո հստակ որոշեցի, որ պետք է ապրել, իմ տղային, քրոջ երեխային թև ու թիկունք լինել։ Ինչպես ժողովրդական ասացվածքն է՝ «Մեռնի՛ր, բայց ապրի՛ր»։ Ես իմ տղային կապրեցնեմ։»