Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքից տեղեկացվել է, որ շրջանառության մեջ է դրվել նախագիծ, որի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության հայտարարագրերի վերլուծության համար կսահմանվի միասնական ռիսկային չափորոշիչների համակարգ։ Այս համակարգը նախատեսվում է օգտագործել՝ Հանձնաժողովին հնարավորություն տալով իրականացնել ավելի թիրախային, համապարփակ եւ օբյեկտիվ վերլուծություններ։
Նախագծի համաձայն՝ ներդրվում է ռիսկային չափորոշիչների մեխանիզմ, որը ներառում է միավորային գնահատման համակարգ, նվազագույն շեմի սահմանում եւ լրացուցիչ ռիսկի գործոնների գնահատման հնարավորություն։ Այս կարգավորումները համապատասխանում են ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությունում ամրագրված հայտարարագրման էլեկտրոնային համակարգի զարգացման նպատակներին եւ չեն առաջացնում բյուջետային ազդեցություն։
Ակնկալվում է, որ նոր կարգը կբարձրացնի վերլուծությունների հասցեականությունը, կնվազեցնի սուբյեկտիվ մոտեցումները եւ կնպաստի կոռուպցիոն ռիսկերի վաղ հայտնաբերմանն ու հայտարարագրման ինստիտուտի հանդեպ հասարակության վստահության աճին։
Նախագիծը սահմանում է 7 ռիսկային չափորոշիչ, որոնցից յուրաքանչյուրին համապատասխանում է որոշակի միավոր՝ 0-ից 100 սանդղակով։ Եթե հայտարարագրի ընդհանուր միավորը հասնում է 60-ի եւ ավելի, այն ենթակա է խորացված վերլուծության։
Հանձնաժողովը յուրաքանչյուր տարի հաստատում է վերլուծության ենթակա հայտարարագրերի ցանկը՝ ինքնաշխատ կամ ձեռքով եղանակով։ Առաջնահերթ վերլուծվում են ավելի բարձր միավոր ունեցող հայտարարագրերը, որոնց թիվը տարեկան կազմում է նվազագույնը 200։
Հանձնաժողովի մասնագետները յուրաքանչյուր դեպքում կարող են ավելացնել 25 միավոր՝ այլ կասկածելի հանգամանքների առկայության դեպքում։ Օրինակ, եթե գույքի ձեռքբերման կամ վաճառքի արժեքը զգալիորեն տարբերվում է շուկայական արժեքից։
Հայտարարագրերի վերլուծության ռիսկային ցուցանիշների հիման վրա վերլուծություն իրականացվում է, եթե հաշվարկված ռիսկի ցուցանիշների հաշվարկային մեծությունը 60 եւ ավելի է։ Այս մոտեցումը հիմնված է այն սկզբունքի վրա, որ հայտարարագրերի վերլուծության նպատակն է հայտնաբերել ոչ թե առանձին անհամապատասխանություններ, այլ այն դեպքերը, երբ ռիսկային հանգամանքները համակցված կերպով ձեւավորում են բարձր հավանականությամբ կոռուպցիոն ռիսկեր։