Իմ վերջին աշխատանքային այցի ընթացքում հնչեցրած հայտարարությանը, թեպետ արդեն անդրադարձել եմ, այն, իր ողջ խորքային վտանգավորությամբ, պահանջում է առավել դետալիզացված մոտեցում։ Ես առաջարկեցի Ալիևին, որպեսզի նա վերջ տա «Արևմտյան Ադրբեջանի» և դրա հետ կապված խոսույթին՝ փոխարենը խոստանալով փակել Արցախ հայության վերադարձի իրավունքի արծարծման հարցը։ Եթե ավելի պարզ, ապա ես առաջարկում եմ այդ հարցերի «հայելային» հետքաշում անել, հրաժարվել նշված հարցերը բարձրացնելուց։
Սա ոչ այնքան առաջարկ է, թող որ անհեթեթ, որքան ավելի շատ նմանվում է հմուտ «փոխանցման»։ Այսինքն, ես ու Ալիևը «փոխանցումներով» ենք խաղում։
Սկսենք նրանից, որ «Արևմտյան Ադրբեջանի» հարցը կամ ավելի ճիշտ՝ նախագիծը Ալիևի կամ Ադրբեջանի կողմից մշակված պետական ծրագիր է։ Այն իրականացվում է պետականորեն, ադրբեջանական պետական միջոցների ու ռեսուրսների ներգրավմամբ, հանգամանորեն ստրուկտուրիզացված դրսևորումներով («արևմտյան ադրբեջանցիների» խորհուրդ, համանուն հեռուստաընկերություն, Ադրբեջանի խորհրդարանի ներգրավում և այլն)։
Իսկ ֆիզիկական բնաջնջման և ուժի սպառնալիքի պայմաններում բռնագաղթած արցախցիների՝ հազարամյակներով հայկական Արցախ վերադարձի անկապտելի իրավունքը իմ իշխանությունը ոչ մի հարթակում, ոչ մի տարբերակով չի բարձրացնում, չի պաշտպանում, հետամուտ չի լինում։ Իրականում, մենք ամենակոպիտ ու անընդունելի, ամենից հակաժողովրդավարական ու ռեպրեսիվ մեթոդներով ուղղակիորեն հալածում են այն գործիչներին, այն ազգային կառույցները, որոնք բարձրացնում են այդ հարցը։
Չմոռանանք, որ Հայ առաքելական եկեղեցու դեմ մեր արշավանքն ու այլանդակ «բառապաշարով» ատելության քարոզն սկսվեցին այն բանից հետո, երբ Ամենայն հայոց կաթողիկոսը Բեռնում (Շվեյցարիա) ունեցած ելույթում ընդգծեց Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության, հուշարձանների պահպանության և Արցախի հայության՝ վերադարձի իրավունքի մասին։ Ի դեպ, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը և Շվեյցարիայի բողոքական եկեղեցին «Կրոնական ազատություն. հայկական հոգևոր, մշակութային և պատմական ժառանգության պահպանումը Արցախում/Լեռնային Ղարաբաղում» խորագրով միջազգային համաժողովն էլ կազմակերպել էին Գարեգին Երկրորդի առաջարկով։ Սա է մեր իշխանության կողմից Եկեղեցու վրա հարձակվելու պատճառներից մեկը։
Պարզապես ընդգծենք նաև ակնհայտ տարբերությունը. այսպես կոչված՝ «Արևմտյան Ադրբեջանի» հարցը ադրբեջանական իշխանությունները բարձրացնում են պետականորեն, պետական ամենաբարձր մակարդակով։ Իսկ Արցախի հայության վերադարձի իրավունքի հարցը եթե միջազգային հարթակներում հնչում էլ է, ապա բացառապես հասարակական, ոչ իշխանական ընդդիմադիր շրջանակների (օրինակ՝ ՀՅԴ Հայ դատի կառույցներ), օտարերկրացի գործիչների (օրինակ՝ ԱՄՆ սենատորներ) ջանքերով։
Այսպիսով, ես գործնականում առաջարկում եմ հրաժարվել մի բանից, որի մասին ինքը ծպտուն չի էլ հանում։ Իսկ «Արևմտյան Ադրբեջան» հասկացություն, մեծ հաշվով, արդի քաղաքական հարթության վրա չկա։ Չկա ո՛չ պատմագիտական կամ պատմական, ո՛չ էլ քաղաքական ու քաղաքագիտական առումներով։ Եթե կա էլ, ապա դա հաստատ այն չէ, ինչ նկատի ունեն Ալիևն ու ադրբեջանական հակահայ վարչախումբը։ Արևմտյան Ադրբեջանը Իրանի Իսլամական Հանրապետության օսթաներից (նահանգ կամ մարզ) մեկն է, որը գտնվում է ԻԻՀ հյուսիս-արևմուտքում, և այն, բնականաբար, ոչ մի կապ չունի ժամանակակից Հայաստանի, առավել ևս՝ Ալիևի նկատի ունեցած ու մոգոնած «