Իմ որդին, Լևոն Ստեփանյանը, ծնվել էր Աբովյանում, բայց իր ողջ կյանքը անցկացրել է Գառնիում։ Նա շատ հանգիստ էր, բայց իր ներսում շատ հումոր ու աշխույժություն էր թաքցնում։ Իրեն նայողը կարող էր մտածել, թե խոսելն ու կատակելը նրա բնույթի մաս չեն, բայց նա շատ լավ կատակում էր, և բոլորը լիաթոք կծիծաղեին։
Նա ընտանիքի միակ երեխան էր, և մենք շատ մտերիմ էինք։ Փողոց դուրս գալիս մարդիկ միշտ նշում էին, թե կարծես ոչ թե մայր ու որդի, այլ քույր ու եղբայր լինենք։ Լևոնը շատ էր սիրում տարիքով մեծերին, և դպրոցական տարիներին իրեն հարցնում էին, թե ինչ է դառնալու։ Նա միշտ պատասխանում էր՝ «դերասան»։ Շատ էր սիրում «Բանակում» սերիալը և ասում, որ պետք է դերասան դառնա, որպեսզի խաղա այդ սերիալում։ Որոշ ժամանակ անց նրա մտքերը փոխվեցին, և նա որոշեց՝ պետք է իրավաբան դառնա։ Նա ամեն ինչ ուզում էր անել։
Ութերորդ դասարանում Լևոնը որոշեց՝ պետք է ոսկերչություն սովորի։ Նա շատ էր սիրում «Պատմություն» առարկան։ Իրեն հարցեր էին տալիս, և նա պատասխանում էր բոլորին։ Չէր սովորել գերազանց, բայց դասերին պատրաստ էր եղել։ Շատ կարգապահ էր, կազմակերպված, և որպես լավ աշակերտ ավարտեց դպրոցը։
Ծառայության ընթացքում, Կապանում, իր ծառայակից ընկերոջ հետ որոշեցին, որ զորացրվելուց հետո պետք է խանութ բացեն, որտեղ Լևոնն էլ կզբաղվի ոսկերչությամբ։ Նա նաև իր ընկերոջ կնքահայրը պետք է դառնար։ Պատերազմից հետո, երբ ընկերը մեր տուն եկավ, նա կնքահայր լինելու առաջարկը արեց։ Մենք եղանք իր թե՛ կնունքի, թե՛ հարսանիքի քավորը։
2019 թվականի դեկտեմբերի 16-ին Լևոնը զորակոչվեց։ Նա շատ ոգևորված մեկնեց ծառայության։ Իմ միակ երեխան էր, և մենք անընդհատ մտածում էինք նրա մասին։ Բայց նա կտրականապես մերժեց ծառայությունից ազատվելու փորձերը։ Քառօրյա պատերազմի ժամանակ նա ասաց. «Մա՛մ, պատկերացնո՞ւմ ես՝ մի օր էլ ինձ այդպես բերեն տուն, մի օր էլ կարող եմ ես լինել այդ տղաների փոխարեն»։
Սեպտեմբերի 27-ին սկսվեց պատերազմը։ Լևոնն ամեն օր երեկոյան ժամը 8-ին էր զանգահարում։ Իմ ականջներում մնացել է նրա վերջին խոսքը՝ «Մա՛մ, որ բաներ լսես, սուտ է, չհավատաս, չնեղվես»։ Նա ասում էր, որ ուշ են գնում ճաշարան, հետո լողանալու են գնալու։ Բայց իրենց մոտ էր առաջին զոհը եղել։
Սեպտեմբերի 29-ի գիշերը նա զանգեց՝ «Մա՛մ, ո՞նց ես, քնե՞լ էիր»։ Իրեն ասացի, որ իր զանգին էի սպասում։ Նա հարցրեց՝ «Մա՛մ, ինձ հարցնո՞ւմ են»։ Ես դրական պատասխան տվեցի։ Լյովս արձագանքեց. «Բոլորին ասա, որ իրենց շատ սիրում եմ ու բարևում եմ»։ Այդ օրը մայրիկիս տանն էի։ Գիշերով վեր եմ կացել, սենյակների դռները հերթով բացել եմ ու փոխանցել Լևոնիս բարևները։ Ես խոսում էի, իսկ նա ասում էր. «Լավ, մամուլկին, բարի գիշեր, ես էլի կզանգեմ»։ Իր այդ «լավ»-ը, որը մի տեսակ երկարացնելով էր ասում, մնաց իմ ականջներում։
Առավոտյան աշխատանքի գնալիս ավտոբուսի մեջ մարդիկ խոսում էին, որ Գառնիից զոհ կա։ Ես էլ ասում էի, որ Լյովս իմանա, որ Սուրենին ինչ-որ բան է եղել։
Լևոն Ստեփանյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով և հուղարկավորված է Գառնիի պանթեոնում։