Այսօր ՀՀ կառավարության նիստում պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը կներկայացնի 2026 թվականի ընթացքում վարժական հավաքներ հայտարարելու մասին նախագիծը։
Նախագծի համաձայն՝ 2026 թվականին կկազմակերպվեն պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ։
Հավաքները նախատեսվում է անցկացնել մի քանի փուլերով՝ ըստ ժամանակահատվածների։ Դրանք կներառեն հետևյալ ժամանակահատվածները՝ փետրվարի 3-ից ապրիլի 10-ը, մարտի 31-ից հունիսի 19-ը, ապրիլի 15-ից հուլիսի 15-ը, հունիսի 9-ից օգոստոսի 14-ը, օգոստոսի 4-ից հոկտեմբերի 9-ը, սեպտեմբերի 15-ից դեկտեմբերի 15-ը, ինչպես նաև սեպտեմբերի 29-ից նոյեմբերի 20-ը ներառյալ։
Վարժական հավաքների նպատակն է պահեստազորայինների ռազմական ունակությունների կատարելագործումը, մասնագիտական վերապատրաստումն ու պատրաստումը, բարձրագույն կրթություն ունեցող ենթասպայական կազմից պահեստազորի սպաների պատրաստումը, ինչպես նաև մարտական հերթապահության ներգրավումը։
Յուրաքանչյուր քաղաքացի հավաքների ընթացքում կարող է ներգրավվել առավելագույնը 25 օրացուցային օրով։
Հիշեցնենք, որ դեռևս 2025 թվականի փետրվարին հրապարակվել էր տեղեկություն, թե որպեսզի խուսափեն վարժական հավաքներից, շուրջ 150 քաղաքացի դատարանի էր դիմել, որի հետևանքով մի քանի անձանց դատապարտել էին։
Այս տարվա հունվարի 1-ից հայոց բանակ զորակոչվողների ծառայության ժամկետը կրճատվել է մեկ ու կես տարի։ Այս փոփոխությունը նշանակում է, որ 25-օրյա վարժական հավաքների ընթացքում հավաքագրվողների թիվը կարող է ավելանալ, քանի որ պաշտպանական նախարարության պահեստազորային ռազմական ծառայության մեջ ներգրավվածների ավելի մեծ թվի հավաքագրումը նպատակահարմար է համարվում։