Հայաստանի Հանրապետության կառավարությունը նախատեսում է շարունակել ավանդատուների փոխհատուցման ծրագիրը նաև 2026 թվականին։ Այս մասին նշվում է «Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծում։
Ըստ նախագծի՝ 2026 թվականին կշարունակվի «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ում ավանդատու հանդիսացող քաղաքացիների՝ նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման տրամադրումը։ Այս փոխհատուցումը կտրամադրվի մինչև 1944 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված անձանց, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների մասնակիցներին կամ մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող և հակառակորդի կողմից հողատարածքների գնդակոծման դեպքեր ունեցող՝ Հայաստանի Հանրապետության սահմանամերձ համայնքներում 2014 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ հաշվառված անձանց, ինչպես նաև կառավարության սահմանած այլ սոցիալական խմբերին՝ կառավարության սահմանած կարգով։
Այս ծրագիրը շարունակվում է արդեն մի քանի տարի։ Ըստ «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի՝ ավանդների փոխհատուցման վճարման հետ կապված հարաբերությունները համապատասխանում են օրենքի 7-րդ հոդվածով սահմանված պահանջներին։
Նախագծի ընդունման դեպքում 2026 թվականի պետական բյուջեի եկամուտները չեն ավելանա, իսկ ծախսերը նախատեսված են արդեն իսկ։