«Հրապարակ» թերթը գրում է․ Տեւական քննարկումներից հետո ՔՊ-ում կարծես նախնական որոշում է կայացվել, թե ինչպես է ձեւավորվելու 2026 թ․ նախընտրական ցուցակը։
Գրել ենք, որ Փաշինյանը շատ կուզենար միանձնյա գրել ցուցակը, բայց ռիսկի չի գնում՝ հասկանալով, որ հետո որոշ առանցքային դեմքերի պետք է բացատրի, թե ում ինչու է այդ հորիզոնականում գրել։ Իսկ քանի որ հիմա ՔՊ-ում խմբավորումներ ու թեւեր կան, ապա արդյունքում կարող է իր դեմ բունտ ծագել։ Ուստի փորձում է կուսակտիվին կամաց հանգեցնել այն մտքին, որ նրանք իրեն խնդրեն՝ կազմել ցուցակը։
Այնուամենայնիվ, հինգշաբթի նախաձեռնող խմբի նիստում մեծամասնության տեսակետը եղել է այն, որ ցուցակը պետք է ընտրի արտահերթ համաժողովը, այսինքն՝ 1000-ից ավելի պատվիրակների մասնակցությամբ։
Տեխնիկական մյուս հարցերը, ինչպիսիք են 380 հոգանոց ցուցակից քանի հոգու պետք է ընտրել, որ հորիզոնականից հետո վարչությունը կարող է խմբագրումներ անել եւ այլն, կորոշի կուսակցության վարչությունը։