«Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցության 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների նախընտրական ցուցակը ձևավորման փուլում է։ Կուսակցության վարչությունը, ավարտելով էլեկտրոնային գրանցումը, այժմ անցել է «զտման» փուլին՝ վերլուծելու առաջադրվածների ռեյտինգները և որոշելու, թե ովքեր կներկայացնեն կուսակցությանը խորհրդարանում։
Ինքնառաջադրման գործընթացը սկսվել էր նոյեմբերի 1-ին և ավարտվել նոյեմբերի 30-ին։ Ըստ կուսակցության կանոնակարգի՝ ցանկացողներին անհրաժեշտ էր կուսակցության էլեկտրոնային հասցեին ուղարկել իրենց ինքնակենսագրականը։ Ոչ կուսակցական անձանց համար պարտադիր էր ունենալ ՔՊ վարչության առնվազն մեկ անդամի երաշխավորությունը։
Առաջադրման համար նախատեսված է նաև ֆինանսական վճարում։ Կուսակցական անդամները պետք է վճարեն 500 հազար դրամ, իսկ ոչ կուսակցականները՝ 1,5 միլիոն դրամ։
Ըստ ՔՊ վարչության անդամ, ԱԺ պատգամավոր Արուսյակ Մանավազյանի տեղեկացրած տվյալների՝ ինքնառաջադրվել է 383 անձ, որոնցից 4 տասնյակից ավելին անկուսակցական են եղել։
Հիշեցնենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների նախընտրական շտաբի պետի պաշտոնում ընտրվել է Հայաստանի վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, իսկ շտաբի պետի քարոզչության գծով տեղակալի պաշտոնում՝ Վահագն Ալեքսանյանը։