Իրականացվելով, գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի կողմից հրահանգված Սեւանա լճի տարածքում գտնվող ապօրինի շինությունների քանդման գործընթացը, հարցեր է առաջացնում։
Հիշեցնենք, որ «Հայկական ժամանակ» օրաթերթը տարիներ առաջ հրապարակել էր տվյալներ, ըստ որոնց՝ Սեւանա լճի եւ հարակից տարածքներում առկա են շուրջ 3800 ապօրինի եւ քանդման ենթակա շենք-շինություններ։ Սակայն, ինչպես նշվում է, երեկ իրականում քանդվեցին միայն ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանին պատկանող մի քանի հնամաշ տնակներ, որոնք ակնհայտորեն անպիտան էին։
Մինչդեռ, իմ աղբյուրների համաձայն, Աննա Վարդապետյանի կողմից հիշատակված մյուս «խոշոր» օբյեկտները՝ ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատունը եւ ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» համալիրը, չեն քանդվելու ամբողջությամբ։
«Հարսնաքար» համալիրի դեպքում նախատեսվում է քանդել ընդամենը 2-3 քոթեջ, իսկ հիմնական շենքի մասով քննարկվում են այլ սցենարներ։ Ըստ իմ աղբյուրների՝ պլանավորվում է այն պետականացնել, ծառայեցնել այլ նպատակների կամ վաճառել։ Նույն տրամաբանությամբ, Վլադիմիր Գասպարյանի առանձնատունը եւս նպատակ ունի պետականացնելու եւ դարձնելու որեւէ մանկական կամ կրթական կենտրոն։
Սա ստեղծում է հետաքրքիր, սակայն միեւնույն ժամանակ եւ վտանգավոր տրամաբանություն․ ապօրինի շենքը ապօրինի է այնքան ժամանակ, մինչեւ այն պատկանում է «նախկիններին»։ Իսկ երբ սեփականատերը փոխվում է կամ օբյեկտը անցնում է պետությանը, ապօրինությունը «վերածվում» է օրինականության։
Այսպիսով, եթե շինությունը խախտում է օրենքը, այն պետք է քանդվի՝ անկախ անունից, անցյալից կամ հետագա օգտագործման ծրագրերից։ Իսկ եթե այն ենթակա չէ քանդման, հարց է առաջանում՝ ինչու է այն տարիներ շարունակ համարվել ապօրինի։
Սեւանի շուրջ ձեւավորվող իրավիճակը, իմ կարծիքով, արդեն իսկ դուրս է եկել իրավական դաշտից եւ վերածվում է քաղաքական արդարադատության։ Մուրճը իջնում է այնտեղ, որտեղ անվտանգ է, իսկ խոշոր օբյեկտների դեպքում ապօրինությունը «վերաձեւակերպվում» է պետական շահի անվան տակ։