Իմ որդին՝ Ռաֆայել Ֆրանգուլյանը, ծնվել էր Սիսիանում, որտեղ մինչև հինգ տարեկանը մեր ընտանիքը ապրել էր։ Այնուհետև տեղափոխվեցինք Արմավիրի մարզի Ջրարբի գյուղ։ Նա շատ համեստ, ամաչկոտ և խղճով տղա էր։
Ջրարբիում նա արագ հարմարվեց նոր շրջապատին, սկսեց հաճախել գյուղի դպրոցը, որտեղ առաջադիմությունը հարվածային էր։ Իր հետաքրքրությունները համակարգիչներն էին։ Նա դպրոցին համատեղ սովորեց և համակարգչային օպերատորի որակավորում ստացավ։ Իր սենյակում առանձնանում էր, պարապում, ես տեղյակ չէի դրա մասին։ Իր զոհվելուց հետո եմ տետրերն ուսումնասիրել և տեսել, թե որքան շատ էր աշխատում։
2020 թվականին, երբ սկսվեց պատերազմը, իմ որդին, որը ծառայում էր Իջևանում, պահեստազորայինի կարգավիճակով մեկնեց Արցախ։ Նա սահման էր պահում։ Երբ արդեն զորացրվեց, տուն եկավ, և մենք ծրագրում էինք նրան Ռուսաստան ուղարկել, բայց նա հրաժարվեց։ «Մա՛մ, երկու տարի դիրք ու սահման եմ պահել, ո՞նց կարող եմ իմ հայրենիքը թողնել ու գնալ ուրիշ տեղ»։ Նա տարբերվող մտածելակերպ ուներ։ Նա ուրիշ կերպ էր պատկերացնում հայրենիքի, տան գաղափարը, հայրենիքը վեր էր դասում ամեն ինչից։
Այդ թվականին մեր ընտանիքում ողբերգությունները հաջորդում էին մեկը մյուսին։ Այդ տարի մահացավ իմ ամուսինս։ Իմ որդին, հաշվի չառնելով այն, որ իմ եղբայրը հաշմանդամություն ունի, մեզ թողեց ու պատերազմ մեկնեց։ Ես փորձում էի նրան համոզել, ասում՝ ինձանից հետո ով պետք է եղբորդ պահի, բայց նա ինձ չլսեց։
Երբ սկսվեց պատերազմը, ես մինչև վերջ կապի մեջ էի մնում իմ որդու հետ։ Իմ հեռախոսի մեջ պահպանվում են մեր բոլոր զրույցները։ Եթե նա չէր զանգում, ուրեմն նամակ էր գրում։ Մեր վերջին զրույցը տեղի ունեցավ նոյեմբերի 9-ին, ցերեկն, ժամը չորսին։ Նա ասաց. «Մա՛մ, ահավոր է, գլուխս չեմ կարողանում բարձրացնել»։ Վերջին օրերին արդեն «Մարտունի-2»-ում էին եղել։
Ես շարունակում եմ չհավատալ, որ իմ որդին զոհվել է։ Իր մահվան վկայականում նշված է նոյեմբերի 8-ը, բայց ես իր հետ խոսել եմ ամսի 9-ին։ Երբ իմ տղան զոհվեց, ամուսնուս եղբոր տղան մահացավ։ Իր հետևից էր գնում, որ տեսներ, թե որ հիվանդանոցում է։ Վթարի ենթարկվեց։ Բոլորն իրար էին խառնված, և որևէ մեկը տղայիս մարմինը չի տեսել։ Իր համարից չի զանգել։ Այդ համարով զանգեցի, մի տղա պատասխանեց զանգիս, չասաց, որ Ռաֆոս էլ չկա։ «Աչքերս բացել եմ, հիվանդանոցում եմ, ինձ չանհանգստացնեք»։ Մինչև հիմա այդ տղան ինձ հետ կապ չի հաստատել։ Երբ ամեն անգամ գերիների ցուցակ էր հրապարակվում, ես այդ ցուցակներում իմ որդու անունն էր փնտրում։ Երբ քո աչքով չես տեսնում, ոչ մի բանի էլ չես հավատում։
Ապրելու ուժը ինձ տալիս է մյուս որդիմ՝ Հարութը։ Եթե կոտրվեմ, նա առանց ինձ չի կարող։ Մի տեսակ անտեսված լինելու զգացում կա։ Նա հինգ տարվա մեջ մեկը դուռը չի բացում, հարցնում՝ ո՞ղջ եք, թե՞ մեռած։ Դա անարդար է։ Իմ մոտ ասում են՝ այնքան ուժեղ եք, Հերմի՛ն, բայց չգիտեն, թե որքան փխրուն է սիրտս։
Հիշատակության համար՝ իմ որդին՝ Ռաֆայել Ֆրանգուլյանը, հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով, իսկ Ջրարբիում նրա հիշատակին խաչքար և հուշաղբյուր են տեղադրվել։ Նա հանգչում է Ջրարբիի գերեզմանատանը։